2448 դիտում
09:57 12-09-2015
Խաղաղության ժամանակը եկել է. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը «Ամերիկայի Ձայնին».
[b]- Դուք վերջերս սոցիալական ցանցերում հարց եք բարձրացրել, թե արդյոք Հայաստանում եւ Ադրբեջանում կգտնվեն նոր Աբրահամ Լինքոլններ, որոնք խաղաղություն կբերեն: Արդյո՞ք դա նշանակում է, թե ժողովուրդները պատրաստ չեն խաղաղությանը եւ այն պետք է հարկադրվի նրանց:
[/b]
- Ուրախ եմ կրկին անգամ ձեզ հանդիպել Պետքարտուղարությունում: Շնորհակալություն ինձ Թվիթերով հետեւելու համար եւ հույս ունեմ, որ դուք ինձ կհետեւեք նաեւ Ինստագրամում, որտեղ ես սկսել եմ լուսանկարներ տեղադրել: Ես նախատեսում եմ այնտեղ տարածաշրջան կատարած այցերի լուսանկարները տեղադրել:
Հավատում եմ, տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են խաղաղությանը, սակայն արդյոք առկա՞ է քաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու համար:
Ես չեմ ցանկացել համեմատություններ անել Աբրահամ Լինքոլնի եւ տարածաշրջանում որեւէ մեկի միջեւ, սակայն, առաջնորդների կողմից քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի որոշեն, որ ժամանակն է եկել խաղաղության եւ մենք՝ համանախագահներս, Միացյալ Նահանգները, ցանկանում ենք օգնել բանակցությունների միջոցով հասնելու կարգավորմանը եւ տեւական խաղաղության հաստատմանը: Ժամանակը եկե՛լ է, եւ ես հավատում եմ, որ մարդիկ կողջունեն բարգավաճումը, որն այն տարածաշրջան կբերի խաղաղությունը: Տարածաշրջանն՝ ինքը կփոխվի, եթե մեզ հաջողվի խաղաղ կարգավորման հասնել:
[b]- Ավելի վաղ առաջնորդները պարտավորվել էին շարունակել բանակցային գործընթացը: Արդյո՞ք այն շարունակվում է եւ արդյո՞ք երկու նախագահների հանդիպում տեղի կունենա:
[/b]
- Երկու նախագահներն էլ մեզ ասել են, որ իրենք ցանկանում են արագացնել բանակցությունները, եւ մենք դա ողջունում ենք: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում մենք երկու արտգործնախարարներին կհանդիպենք, եւ կնախապատրաստենք այս տարվա վերջում նախագահների հանդիպումը: Այնպես որ, մենք պատրաստվում ենք արտգործնախարարների հետ մանրամասներ քննարկել եւ աշխատել նախագահների սպասվող հանդիպման օրակարգի շուրջ:
[b]- Այս տարի շփման գծում գրանցված բռնությունների աստիճանը հատկապես էր սրվել: Դա ինչի՞ հետ է կապված:
[/b]
- Մենք շատ մտահոգված ենք վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք իրոք սաստկացան տարվա սկզբին: Փաստորեն, հունվարը հրադադարի հաստատումից ի վեր ամենամահացու ամիսն էր: Բարեբախտաբար դրան հաջորդեց որոշակի խաղաղ ժամանակաշրջան, սակայն այժմ մենք տեսնում ենք, որ լարվածությունը վերադառնում է:
Երբ ես ստանձնեցի համանախագահի պաշտոնը, վտանգը բխում էր դիպուկահարների կողմից, որոնք, շփման գծի երկու կողմերում տեղակայված, միմյանց էին կրակում: Մարտավարությունը, սակայն, փոխվել է. այժմ հարձակումներ են տեղի ունենում, ականանետեր եւ այլ ծանր հրետանի է օգտագործվում, եւ ցավոք մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական անձանց կորուստների: Դա անընդունելի է, եւ մենք պնդում ենք, որ կողմերն անեն ամեն ինչ՝ այս կորուստներից խուսափելու համար:
Այս կապակցությամբ, կարեւոր է խաղաղ կարգավորմանը հասնել, որպեսզի մենք վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատենք:
[b]- Կա՞ն արդյոք հավելյալ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել հրադադարի խախտումից խուսափելու համար:
[/b]
- Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցները եւ ցանկանում ենք աշխատել կողմերի հետ այդ ուղղությամբ: Մենք երկար ժամանակ աջակցել ենք ԵԱՀԿ-ի շրջանակներում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, եւ հույս ունենք, որ Ադրբեջանն այդ հետաքննության մեխանիզմը ճանաչելու միջոց կգտնի։ Սակայն մենք, որպես համանախագահներ, եւ Միացյալ Նահանգները՝ մասնավորապես, պատրաստ ենք աշխատել կողմերի հետ մարդկանց միջեւ համագործակցության ծրագրերի ուղղությամբ եւ վստահության ամրապնդման ծրագրերի շուրջ:
[b]- Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակասությունները՝ արդյո՞ք դեռեւս կարո՞ղ է համագործակցություն տեղի ունենալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ Մինսկի խմբի շրջանակներում:
[/b]
- Ինչպես տեղյակ եք, մեր եւ Մոսկվայի միջեւ բազմաթիվ լարվածություններ կան, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ: Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ: Ես սերտ համագործակցում եմ Ռուսաստանի իմ գործընկերոջ եւ Ֆրանսիայի իմ գործընկերոջ հետ։ Եվ մենք հանդիպում ենք երես առ երես: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ակտիվ ներգրավումը կարգավորման հայթայթման գործընթացում:
[b]- Մինսկի խումբը գործում է 20 տարիների ընթացքում. Արդյո՞ք այս տարիներին կողմերը ավելի են մոտեցել խաղաղության հաստատմանը:
[/b]
- Անցյալում կային հնարավորություններ, որոնք մենք բաց ենք թողել: Ես գիտեմ, որ մարդիկ դժգոհ են. 20 տարի շարունակ այս հակամարտությունը շարունակվել է եւ հիմա առաջընթաց գրանցելու ժամանակը եկել է: Կարեւոր է, որ առաջնորդները մոտ են, նրանք միմյանց հետ խոսում են, եւ կարծում եմ, մեզ անհրաժեշտ է շարունակել նրանց հետ աշխատանքը, որպեսզի խորացնենք այս բանակցությունները եւ պատրաստենք նախագահների հանդիպումը, որը, հույս ունենք, տեղի կունենա տարվա վերջին։
[b]- Նախագահների հանդիպմանը վերաբերող հավելյալ մանրամասներ կա՞ն:
[/b]
- Մենք դեռեւս մանրամասների չենք տիրապետում, ու նաեւ դրա համար ենք ցանկանում խոսել արտգործնախարարների հետ Նյու Յորքում, որպեսզի որոշենք նախագահների հանդիպման տեղն ու ժամկետները: Ինչպես գիտեք, նրանք հանդիպել էին մի քանի տարվա դադարից հետո Վիեննայում, որտեղ շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ. երկու առաջնորդների առանձնազրույցը մեկ եւ կես ժամից ավելի տեւեց: Դրանից հետո նրանք հանդիպեցին Սոչիում, ինչպես նաեւ՝ Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ նախորդ տարվա վերջին նրանք հանդիպեցին Փարիզում: Այժմ ժամանակն է շարունակել հանդիպումները: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում նրանք որոշակի առաջընթաց են գրանցել: Մենք ականատեսն ենք եղել որոշ առաջընթացի։ Ամեն ինչը չէ համաձայնեցված անշուշտ, սակայն դա եւս մեկ հիմնավորում է, որպեսզի նրանց հանդիպումը կազմակերպենք:
[b]- Ինչպե՞ս է հնարավոր գրանցված առաջընթացը հաստատուն խաղաղության վերափոխել:
[/b]
- Դա մեր առաջնահերթություն է: Մենք ցանկանում ենք հասնել կարգավորմանը, սակայն պետք է հարգենք զինադադարը: Առանց զինադադարը հարգելու, շատ բարդ է առաջընթաց արձանագրել բանակցություններում: Մենք հույս ունենք, որ կողմերը դա կճանաչեն եւ մենք հույս ունենք, որ կհարգեն զինադադարը ու զերծ կմնան հակամարտությունից, որը կարող է անմեղ քաղաքացիական անձանց վնասել:
[b]- Պարոն դեսպան, շատ շնորհակալություն:[/b]
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
20:44 12-12-2015
Ջեյմս Ուորլիք. Եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը
5358 դիտում
19:08 22-10-2016
Խաղաղության ժամանակն է եկել։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ. Ջեյմս Ուորլիք
1480 դիտում
13:00 05-03-2014
ԱՄՆ-ը և Եվրոպան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման կողմնակիցն են. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
1075 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
841 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
922 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ