Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Դավիթ Սաֆարյանը պարտվեց ադրբեջանցի օլիմպիական չեմպիոնին
Լաս Վեգասում ավարտվեց ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը և մեկնարկեց ազատ ոճայինների առաջնությունը:
Հունահռոմեական ոճում իրենց վերջին մեդալակիրներին որոշեցին 85 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանը ներկայացնողՄաքսիմ Մանուկյանը հենց առաջին գոտեմարտում 3:5 հաշվով զիջեց ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեին և դուրս մնաց հետագա պայքարից: Այս քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկը, ով եզրափակչում առավելության հասավ ուզբեկ ըմբիշ Ասակալովի նկատմամբ:
Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լաս Վեգասում նվաճեց մեկ ոսկե մեդալ և 2 օլիմպիական ուղեգիր: Չեմպիոն դարձավ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իսկ նրա հետ օլիմպիական ուղեգիր ձեռք բերեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը:
Իսկ ազատ ոճայինների առաջնությունում Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես եկող մեր թիմի 7 անդամներից առաջինը մրցագորգ դուրս եկավ թիմի առաջատար, 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Նրա առաջին մրցակիցը աշխարհի առաջնության մրցանակակիր, պուերտոռիկացի Գոմես Մատոշն էր: Շատ լարված պայքարում գործելով Դավիդը հաղթեց 6-4 հաշվով:
Իսկ ահա Դավիթի հաջորդ մրցակիցը օլիմպիական չեմպիոն, ադրբեջանցի Թողրուլ Ասքարովն էր: Այս մրցամարտում հայ ըմբիշը պարտվեց 2:8 հաշվով: Այժմ, եթե ադրբեջանցի ըմբիշը եզրափակիչ դուրս գա, Դավիթ Սաֆարովը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա: