211652_close_icon
views-count3726 դիտում article-date 19:02 09-09-2015

Մարդու նկատմամբ ամենամեծ լավությունը

Եթե մարդուն վատություն չես անում, այդպիսով լավություն ես անում»: Սրիկաների կրեդոյից վերցված այս դրույթը բոլորովին վերջերս սկսել է լայնորեն կիրառվել: Դա ինչ-որ առումով կապված է սոցիալ-տնտեսական դժվարությունների ազդեցությանբ չարացածության սինդրոմների տարածման հետ: Մարդն այնքան ծանր վիճակում է հայտնվել, որ ուզած-չուզած դիմացինին պետք է վնասի, կողոպտի, ճնշի, խլի, գցի, խաբի, որ կարողանա լուծել իր առջև դրված պարզ օրակարգային խնդիրները: Այս իրավիճակում մարդուն վատություն չանելը համարվում է մեծահոգության, մարդասիրության և բարի կամքի դրսևորում: Եվ եթե սոցիալ-տնտեսական ծանրության տակ գտնվողը, այլ կերպ ասած՝ սովածը մարդուն վատություն չի անում, ապա դա պետք է դիտել որպես մեծ լավություն: Աղքատության և անորոշության վախեր ապրած, ընկճվածության և չարացածության սինդրոմների ազդեցության տակ մնացած մարդը չարանում է և թշնամանում հասարակության մյուս անդամների հանդեպ: Եվ հակվում է իր նմանին վատություն անելու մտքին: Դա տեղի է ունենում նույնիսկ ակամա՝ ինքնստինքյան: Չարացածն իր չարությունը, մաղձը թափում է դիմացինի վրա, կարծես այդպիսով վրեժ է լուծում իր անհաջողության, դժբախտության համար: Եվ ինչ-որ չափով հանգստանում ու բավարարվում է, երբ կարողանում է ինչ-որ բանով վնասել իր նմանին: «Ինչո՞ւ պիտի նա ավելի լավ լինի, քան ես»: Այս մտահոգությունը ստեղծում է անարդարության կեղծ զգացում, և ընկճված ու չարացած մարդն ինքուրույն փորձում է արդարություն ու հավասարություն հաստատել: Իսկ դրան ուղղված միակ գործողությունը դիմացինին վատություն անելն է, որից հետո տուժածը նույնպես չարանում է և հավասարվում վաղուց չարացածին: Այնպես որ, եթե այդ վիճակում հայտնվածը վատություն չի անում, ապա դա պետք է դիտել որպես լավություն: Մյուս կողմից հասարակության մեջ աճում է կաստայական բաժանումը: Դա սկսվեց այն պահից, երբ հասարակական բարձր դիրք ունեցողների ու հարուստների մեծ մասի գործերը սկսեցին վատանալ: Եվ նրանք սկսեցին անհանգստանալ, որ կարող են մի օր սնանկանալ ու դառնալ աղքատ: Այդ պատճառով կաստայական կամ այսպես կոչված՝ տեսակի մասին կեղծ և վերացական համակարգեր սկսեցին հորինել, որ աղքատանալուց հետո պահպանեն իրենց դիրքն ու իրենց նկատմամբ հարգանքը: Իսկ խնդիրն այն է, որ այսօր նույնիսկ հարուստների մեծ մասը ողորմության համար փող չունի: Սակայն ողորմելիներին օգնելու-օժանդակելու սոցիալական պատասխանատվությունը չի հարցնում հարուստներին՝ բարեգործության փող ունե՞ն, թե՞ չէ: Եվ աղքատները շարունակում են հարուստներից օգնություն ակնկալել: Այս դժվար ու բավականին տհաճ իրավիճակից դուրս գալուն օգնում է լավություն անելու նոր մոտեցումը: Այսինքն՝ «Եթե Ձեզ վատություն չեն անում, ապա դա ինքնին պետք է դիտել, որպես լավություն»: Ավելին՝ Դուք պետք է շնորհակալություն հայտնեք, որ Ձեզ վատություն չեն անում, քանի որ կարող էին խլել Ձեր հացի պատառը, կարող էին նվաստացնել, ստորացնել, բայց չեն անում: Այդ վերաբերմունքը բխում է մարդասիրությունից և դա սոցիալական պատասխանատվության դրսևորում է: Պարզ ասած՝ ամենամեծ լավությունը մարդու նկատմամբ նրան վատություն չանելն է: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր