211652_close_icon
views-count1122 դիտում article-date 14:46 04-03-2015

ՀՀ արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարին կայացած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցին նվիրված քննարկմանը և դրա վերաբերյալ ստացված գնահատականներին։ Նախարար Նալբանդյանը Յոախիմ Ռյուկկերին տեղեկացրեց, որ Հայաստանը՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հանրության պայքարի կարևոր դերակատար, Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանն է ներկայացնում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեն մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման միջազգային հավաքական ջանքերին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի հետ էր։ Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Ալ Հուսեյնը մտքեր փոխանակեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված քայլերի վերաբերյալ։ Այս առումով նախարար Նալբանդյանը նշեց, որ միջազգային կառույցների գնահատականներով Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության և այլ ոլորտներում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, հաստատելով, որ Հայաստանում զգալիորեն ամրապնդվել է ժողովրդավարությունը, հույս հայտնեց, որ կշարունակվեն քայլեր ձեռնարկվել այդ ուղղությամբ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կարևորեց Հայաստանի հետևողական նախաձեռնություններն՝ ի նպաստ միջազգային հանրության՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին։

Նմանատիպ նյութեր