1424 դիտում
19:12 08-09-2015
Արցախի վարչապետը մասնակցել է գյուղական բնակավայրերում երիտասարդ ընտանիքների բնակարանաշինության աջակցության ծրագրի մեկնարկին
Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է 18 ընտանիքի՝ նրանց տրամադրելով գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքների բնակարանաշինության համար նախատեսված 3մլն դրամի չափով աջակցությունը, որը ծրագրի առաջին փուլն է:
Շնորհավորելով ծրագրի առաջին շահառուներին՝ վարչապետը նշել է, որ բնակարանաշինությունն իշխանությունների վարած սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից է, և առաջիկա տարիներին կառավարությունը շարունակելու է այն ուշադրության կենտրոնում պահել:
«Խնդիրն առավել սուր է արտահայտված հատկապես գյուղական բնակավայրերում, և կառավարությունը սոցիալական ծրագրերի շրջանակներում փորձելու է մեղմել այն: Իհարկե, մենք հասկանում ենք, որ 3մլն դրամով հնարավոր չէ տուն կառուցել, բայց համոզված ենք, որ այն, որպես անհատույց աջակցություն, մեծապես կօգնի բնակելի տների շինարարությանը»,- ասել է վարչապետ Հարությունյանը:
Անդրադառնալով մեկնարկող ծրագրի պայմաններին՝ գործադիրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Թեև այս փուլում նախապայման կա, որ երիտասարդ ընտանիքը պետք է արդեն 50 տոկոսով կառուցված շենք ունենա, որպեսզի կարողանա օգտվել այս աջակցությունից, այնուամենայնիվ, փորձելու ենք ժամանակի ընթացքում նախապայմանները թեթևացնել՝ ավելի շատ ընտանիքներ ընդգրկելու նպատակով:
Դրան զուգահեռ՝ մենք հետևողական ենք լինելու տրամադրվող աջակցության արդյունավետ կիրառումն ապահովելու հարցում: Շնորհակալություն բոլորիդ, որ առանց այս նախագծի մեկնարկի՝ դուք նախաձեռնել եք հայրենի գյուղերում տներ կառուցելու գործը. դա հայրենասիրության մեծագույն դրսևորում է ձեր կողմից»: Ա. Հարությունյանը հավելել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում առկա մեծ պահանջարկը, ծրագիրը շարունակվելու է նաև գալիք տարիներին՝ ընդգրկելով տարեկան շուրջ 150 գյուղաբնակ ընտանիք:
Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով կառավարության կողմից ցուցաբերված աջակցության համար՝ ծրագրից առաջին օգտվողները շեշտադրել են, որ այն նշանակալի ներդրում է երիտասարդ ընտանիքների բարեկեցության ապահովման և գյուղական բնակավայրերի զարգացման գործում:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
7819 դիտում
13:31 14-05-2020
«Բոլորս՝ երեխա ունենալու». վարչապետը՝ ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մասին
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
910 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար