211652_close_icon
views-count641 դիտում article-date 15:58 08-09-2015

Մեկնարկել է Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանը

Սեպտեմբերի 8-ին գումարված Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգը և հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Վարդանանց փողոց, 2-րդ նրբանցք հ. 4 հասցեում փակցնելու մասին որոշման նախագծին: Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի հ.192 հիմնական դպրոցը Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի, ինչպես նաև Երևանի «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի անուններով անվանակոչելու մասին որոշման նախագծերը: Երևանի ավագանին որոշել է նաև Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքից որպես նվիրատվություն ընդունել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղադրված «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը: Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշմանը: Միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հաստատել է նաև 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը: Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հոկտեմբերի 28-ին:

Նմանատիպ նյութեր