211652_close_icon
views-count1221 դիտում article-date 15:49 07-09-2015

Բոննի Կարդինալ Ֆրինգսի գիմնազիայում բացվել են Արարատ Սարգսյանի հեղինակած 3 կտավները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Սեպտեմբերի 4-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգսի գիմնազիա՝ վերջինիս ղեկավարության հրավերով։ Վերոնշյալ ուսումնական հաստատությունը 2002թ.-ից ի վեր համագործակցում է Գյումրու Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների հետ և մինչև 2010թ. այդ դպրոցներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր։ Միջոցառման շրջանակներում դեսպան Սմբատյանը հանդես եկավ Հայաստանին վերաբերող դասախոսությամբ։ Դեսպանն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց գիմնազիայի ղեկավարությանը՝ Գյումրիում իրականացրած բարեգործական ծրագրերի համար։ Ողջույնի խոսքով հանդես եկան Բոննի դպրոցների հարցերով վարչության ղեկավար Ք. Շվանկեն և Կարդինալ Ֆրինգսի անվան գիմնազիայի տնօրեն, դոկտոր Հիլեն։ Ներկաների համար ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող ֆիլմ։ Պաշտոնական արարողության ավարտից հետո գիմնազիայում բացվեցին Արարատ Սարգսյանի հեղինակած երեք կտավներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այնուհետև դեսպան Սմբատյանը մասնակցեց գիմնազիայում անցկացվող սպորտային մինի-մարաթոնի բացմանը։ Մարաթոնից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Գյումրու դպրոցներում հետագա նախագծերի իրականացմանը։ Նույն օրը Աշոտ Սմբատյանը մասնակցեց Գերմանահայկական ընկերակցության և Բիլեֆելդի ժողովրդական դպրոցի կողմից կազմակերպված «Հայկական ճարտարապետությունը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բիլեֆելդի քաղաքապետ Պիտ Քլաուզենը, ով իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ «Գերմանիայի նախագահը ս/թ. ապրիլի 23-ին իր ելույթով վերջ դրեց Հայոց ցեղասպանության մասին խոսելու տաբուին, և այսօր մենք բոլորս պարտավոր ենք այդ նյութը քննարկել և համարել մեր հիշողության մասը, որը պետք է կարողանանք ճիշտ կերպով փոխանցել մեր հաջորդ սերունդներին»։ Այնուհետև ելույթներ ունեցան դեսպան Սմբատյանը և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը։ [img]/ups/images/0372166001441621652403765.jpg[/img]

Նմանատիպ նյութեր