211652_close_icon
views-count1379 դիտում article-date 16:16 07-03-2015

Հռոմում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Մարտի 5-ին Հռոմի հեղինակավոր Վիտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի, համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիայի ներկայությամբ կայացավ «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունները՝ Մխիթարյան Միաբանության և Իտալիայի Հայերի միության հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա հարյուրավոր այցելուների թվում էին Իտալիայի քաղաքական-հասարակական գործիչներ, սենատորներ ու պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վիտտորիանո համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 3-ը: Յոթ առանձին բաժինների ցուցանմուշներն ու տեսանյութերը ներկայացնում են Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր, ինչպես նաև Հայաստանում քրիստոնեության ընդունումը, հայ գրերի ստեղծումը, հայ մատենագրությունը, հայկական ճարտարապետությունն ու արվեստը, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի հարուստ ներկայութունը: Ցուցահանդեսի բացմանը նախորդեց Իտալիայում Հայաստանի դեսպանի, Իտալիայի նախագահի մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական պրոֆեսոր Լուի Գոդարի, Իտալիայում հայտնի հայազգի դերասան Պաոլո Քեսիսողլուի մամլո ասուլիսը, որին ներկա էին 50-ից ավելի իտալական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեսպան Ղազարյանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է իտալական հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հազարամյակների պատմության դրվագները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, որը դեսպանի բնորոշմամբ «մահափորձ էր հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթության դեմ»: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացավ վերածնունդ ապրել, որի մարմնավորումն անկախ Հայաստանի Հանրապետության կերտումն էր: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև Իտալիայում հայկական համայնքների պատմությանը և Իտալիայի զարգացման գործում նրանց ներդրմանը: Նա նաև հիշատակեց իտալացի մի շարք ականավոր քաղաքական-հասարակական գործիչների, նրանց թվում Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիին, ֆինանսների նախարար Ֆիլիպպո Մեդային, Անտոնիո Գրամշիին, Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գոռինիին, ովքեր 1915-16թթ. դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոճրագործությունը: Պրոֆեսոր Լուի Գոդարը կարևորեց ցուցահանդեսի կազմակերպումը՝ հայկական քաղքակրթությունը համարելով եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Նա Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը» և նշեց, որ իր հանդեպ գործած բռնություններին հայ ժողովուրդը պատասխանել է հզոր մշակույթով` մեջբերելով հայ երկու կանանց կողմից ցեղասպանության օրերին «Մշո Ճառընտիր» ավետարանի փրկության պատմությունը: Պաոլո Քեսիսողլուն հատվածներ ընթերցեց հայ ժողովրդի մասին Վիլյամ Սարոյանի խոսքերից:

Նմանատիպ նյութեր