49908 դիտում
10:00 06-09-2015
Առեղծվածային դեպք Արարատի մարզում. փրկարարները ջրանցքից դուրս են բերել անդամահատված աջ ոտք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` սեպտեմբերի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող ջրանցքում մարդու ոտք է նկատվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները Երևան-Երասխավան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում` Շահումյան գյուղի տարածքի ջրանցքից դուրս են բերել անդամահատված աջ ոտք:
Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հիվանդանոցի հերթապահ խումբը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարարտի մարզային քննչական վարչության քննիչ Սերգեյ Ատոմյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են առեղծվածային այս դեպքի հանգամանքները:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+