Եվրո-2016. Գերմանիայի հավաքականի վրեժն ու Ռոբի Քինի ռեկորդը. տեսանյութ
Եվրո-2016-ի խմբային մրցաշարի շրջանակներում կայացան հերթական հանդիպումները՝ այս անգամ D ու F խմբերում:
Օրվա կենտրոնական խաղում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է խմբի առաջատարին՝ Լեհաստանին:
Չափազանց բարձրակարգ և հետաքրքիր այս մրցավեճում ուժեղ գտնվեցին աշխարհի չեմպիոնները՝ 3:1: Փայլուն հանդիպում անցկացրեցին երկու թիմերի դարպասապահները՝ Մանուել Նոյերն ու Վեյցեխ Շչեսնին, որոնք մի քանի անհավանական գնդակներ պահեցին: Սակայն հանդիպման հերոսը Մյունխենի «Բավարիայի» կսապաշտպան Մարիո Գյոտցեն էր, որը դուբլի հեղինակ դարձավ: Այս հաղթանակից հետո գերմանացիները շրջանցեցին Լեհաստանին եւ դարձան խմբի առաջատարները:
Խմբի մյուս խաղում Իռլանդիան 4:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին: Այս հանդիպմանը ամենահետաքրքիր փաստը այն է, որ իռլանդացիների հարձակվող Ռոբի Քինը հավաքականի կազմում աչքի ընկավ 18-րդ տարին անընդմեջ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Եվրո-2016, ընտրական փուլ
D խումբ
Գերմանիա – Լեհաստան՝ 3:1
Թոմաս Մյուլեր, 12, Մարիո Գյոտցե, 19, 82 – Ռոբերտ Լևանդովսկի, 37
Ջիբրալթար – Իռլանդիա՝ 0:4
Սիրուս Կրիստի, 27, Ռոբի Քին, 49, 51 (11մ), Շեյն Լոնգ, 79
F խմբում՝ դեռ մինչև մրցաշարի մեկնարկը անվիճելի ֆավորիտ համարվող Հունաստանի հավաքականը շարունակում է վստահորեն... եզրափակել խմբի աղյուսակը: Այս անգամ հույները սեփական հարկի տակ պարտվեցին Ֆինլանդիային՝ 0:1:
Խմբի առաջատարը՝ Հյուսիսային Իռլանդիան, ավելի ամրապնդեց դիրքերը՝ 3:1 հաշվով հաղթելով Ֆարերներին: Հունգարիա-Ռումինիա խաղում գոլեր չգրանցվեցին:
F խումբ
Հունաստան – Ֆինլանդիա՝ 0:1
Հունգարիա – Ռումինիա՝ 0:0
Ֆարերյան կղզիներ – Հյուսիսային Իռլանդիա՝ 1:3
Էդմունդսոն, 36 – Գարեթ Մակաուլի, 12, 71, Քեյլ Լաֆերտի, 75