211652_close_icon
views-count1492 դիտում article-date 16:08 04-09-2015

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Չինաստան

Օգոստոսի 23-30-ը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում էին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, անդամներ Կարեն Սարիբեկյանը եւ Միքայել Մանուկյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ներքին գործերի եւ արդարադատության հանձնաժողովի հրավերով այցելել է ՉԺՀ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները եղել են Շանհայ քաղաքում եւ հանդիպել Շանհայի Ազգային կոնգրեսի մշտական կոմիտեի փոխնախագահի, Շանհայի ոստիկանության եւ քաղաքացիական հարցերով վարչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Օգոստոսի 27-ին պատվիրակությունն այցելել է Պեկին, որտեղ նրանց հյուրընկալել են ՉԺՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները: Հանձնաժողովի անդամները հանդիպել են հասարակական անվտանգության փոխնախարար Մենգ Հոնգվեի եւ քաղաքացիական հարցերի փոխնախարար Դոու Յուպեի հետ: Այնուհետեւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Վան Շենչժոունը ընդունելություն է կազմակերպել պատվիրակության անդամների համար: Ընդունելության ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանն ու հայ-չինական կապերի առավել ամրապնդմանն ուղղված հարցեր: Պատվիրակությունը հանդիպել է ՉԺՀ ԺՆՀԺ ներքին գործերի եւ արդարադատության հանձնաժողովի նախագահ տիկին Մայի եւ հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում կարեւորվել է հանձնաժողովների մակարդակով խորհրդարանական համագործակցությունը, Չինաստանի դերակատարությունը գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ ընդգծվել է Չինաստանի հստակ դիրքորոշումը ԼՂՀ հիմնահարցի միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-Իրան երկաթգծի, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության աշխատանքներում Չինաստանի հնարավոր ներգրավվածությանը: Երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացման եւ գործընկերության հետագա ամրապնդման նպատակով առաջարկվել է համատեղ մշակել փոխգործակցության հուշագիր: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մասնակցել է նաեւ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Չանչուն քաղաքում տեղի ունեցած Տնտեսական լիդերների գլոբալ գագաթաժողովին: Միջոցառման շրջանակներում նա ներկա է գտնվել նաեւ Չինաստան-Հյուսիսարեւելյան Ասիա 10-րդ ցուցահանդեսին:

Նմանատիպ նյութեր