714 դիտում
20:04 27-01-2015
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի շնորհավորանքը բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ:
Երկարատև դադարից հետո անկախության կերտման ճանապարհին մենք ունեցանք նաև սեփական զինված ուժեր, որոնք դարձան մեր երկրի ու ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը: 23 տարի անց մեր նահատակների արյան գնով և նվիրյալների աննկուն աշխատանքի շնորհիվ մենք ունենք տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերներին լիարժեք դիմակայելու ունակ ազգային բանակ, որը կերտվեց մարտի դաշտում և մեզ պարտադրված պատերազմում մշակից ու գիտնականից, հայրենադարձից և խորհրդային բանակի հմուտ սպայից, ովքեր այսօր համալրել են մեր զինված ուժերի
հրամանատարական կազմն ու շարունակում են ծառայել մեր պետականությանն ու անկախությանը` խորապես գիտակցելով զինված ուժերի մարտիկի պարտքը:
Նախորդ տարին և դրան հաջորդած մեկ ամիսը առանձնահատուկ էր մեր զինված ուժերի համար` հակառակորդի սանձազերծած սահմանային միջադեպերի և լարվածության առումով: Սակայն օգոստոսյան դեպքերը, մեր հատուկ ստորաբաժանումների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինների դուրս բերման հատուկ գործողությունը, ժամկետային զինծառայող Արմեն Հովհաննիսյանի հերոսական մարտը, այս տարվա հունվարյան «գիշերային» պատերազմների պայմաններում մեր զինվորների կանխարգելիչ գործողությունները և բազում մարտական առաջադրանքներ, որոնք փայլուն իրականացրեցին մեր զինված ուժերը, վկայությունն են այն փաստի, որ մենք ունենք կայացած բանակ և ազգին նվիրյալ զավակներ, ովքեր արյան գնով պատրաստ են պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:
Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերված հաջողություններով, այլ պետք է շարունակենք կատարելագործել մեր մարտունակությունն ու անձնվիրաբար ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, յուրաքանչյուրս մեր մասով` այնպես, ինչպես հայ զինվորի կողքին կանգնում է սահմանապահ հայ գյուղացին և հայրենիքի համար կյանքը կրկին վտանգի տակ դնելու պատրաստ ազատամարտիկը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս բանակի օրվա առթիվ: Աստված պահապան հայ զինվորին և Հայոց հաղթանակած բանակին:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
16:08 04-09-2015
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Չինաստան
5198 դիտում
21:30 05-11-2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության հետ
Այս բաժնից
781 դիտում
19:19 03-12-2024
Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան