211652_close_icon
views-count699 դիտում article-date 11:23 04-09-2015

Օմբուդսմենը հրապարակել է Սահմանադրության նախագծի դատական իշխանության բաժնի վերաբերյալ իր եզրակացությունը

Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Ստորև ներկայացնում ենք Նախագծի 7-րդ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») գլխի վերաբերյալ դիտարկումները: [b]ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ [/b] · Փոփոխության արդյունքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարանների նախագահների համար կնախատեսվի պաշտոնավարման սահմանափակ ժամկետ՝ երեք տարի, ինչից հետո նշված դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Նաև Վճռաբեկ դատարանի նախագահը չի կարողանա իր պաշտոնը զբաղեցնել 6 տարուց ավել և չի կարողանա վերանշանակվել (Նախագծի հոդված 164): Տվյալ փոփոխությունը կնպաստի դատական համակարգ նոր կադրերի հոսքին և համակարգի՝ որպես ինստիտուտի կայացմանը: · Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի ցանկացած անդամ չի կարող վերընտրվել (Նախագծի հոդված 172), ինչը կնպաստի Խորհրդի կազմը պարբերաբար նորացնելուն և դրա անդամների անաչառությունը ապահովելուն: · Հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի և կառավարության անդամների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության որոշման հարցով ևս հնարավոր կլինի դիմել Սահմանադրական դատարան (Նախագծի հոդված 167): · Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը կընտրվեն Սահմանադրական դատարանի կազմից վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (Նախագծի հոդված 166): Նման սահմանդրական երաշխիքը կապահովի դատարանի անկախությունը: · Նախագծով արգելվում է որևէ միջամտություն արդարադատության իրականացմանը (Նախագծի հոդված 161), ինչը որոշակի երաշխիք է դատարանների անկախության համար: · Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն կունենա նաև ՀՀ Նախագահը, ով քսանմեկօրյա ժամկետում կկարողանա դիմել Սահմանադրական դատարան Ազգային ժողովի ընդունած օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով (Նախագծի հոդված 168): [b]ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ [/b] · Նախագծով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի տասը անդամներից հինգին ընտրի Ազգային ժողովը՝ գիտության ոլորտի և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից (Նախագծի 173-րդ հոդված): Խորհրդի կազմում լայն ներկայացուցչականությունը և թափանցիկությունը ապահովվելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի կազմում ցանկալի է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև նախատեսել հստակ և գործուն մեխանիզմ խորհրդի անդամների ընտրությանը նրանց մասնակցության համար: · Նախագծի համաձայն` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո (Նախագծի 164-րդ հոդված): Սակայն, «այդ պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո» ձևակերպումից պարզ չէ, թե այն վերաբերում է, օրինակ, մեկ օրվան, մեկ ամսվան, թե մի քանի տարվան: · Նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին կընտրի Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ Նախագահի առաջարկությամբ, երեքին` կառավա­րության առաջարկությամբ և երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջար­կությամբ (Նախագծի 166-րդ հոդված): Սակայն, ցանկալի է ապահովել, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա միայնակ ընտրել դատավորներին: · Նախագծով Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահ­մանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի իրավական ուժը կորցնելու վերաբերյալ որոշման հրապարակման պահից ավելի ուշ ժամկետ (Նախագծի հոդված 169): Նշված ձևակերպումից պարզ չէ քաղաքացիների դիմումների դեպքում Դատարանի նման որոշումների ազդեցությունը դիմողի գործի ելքի վրա: Շուտով կներկայացվի նախագծի 10-րդ գլխի վերաբերյալ («Մարդու իրավունքների պաշտպանը») Օմբուդսմենի եզրակացությունը:

Նմանատիպ նյութեր