Պետերբուրգում սատանայի հայտնի քանդակը վերականգնելու համար 7 միլիոն ռուբլի է պահանջվում
Պետերբուրգում օրեր առաջ ոչնչացված սատանայի քանդակի վերականգման համար ըստ մասնագետների, մոտ 7 միլիոն ռուբլի է պահանջվում: Քանդակի բեկորները գտնվել են աղբամանում: Հիշեցնենք՝ անհայտ անձինք պատմական շենքերից մեկի պատից քանդել-նետել էին հայտնի սատանայի քանդակը:
Ականատեսների պատմելով՝ Լիշնեւսկու տան տանիքից մի տղամարդ ճոպանով իջնելով՝ հասել էր քանդակին եւ գործիքներով ապամոնտաժել այն: Քանդակը բախվել էր գետնին եւ կոտրվել: Մինչ քաղաքացիները զանգել էին ոստիկանություն, դեպքի վայր էր ժամանել «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Հանցագործները քանդակի բեկորները լցրել էին դրա մեջ եւ շարժվել անհայտ ուղղությամբ:
Հատկանշական է, որ Լիշնեւսկու տան հարեւանությամբ եկեղեցի է կառուցվում, որի քանանան մի առիթով հայտարարել է՝ Աստծո տան հարեւանությամբ Սատանայի քանդակ չպետք է լինի: Քանդակագործ Ալեքսանդր Լիշնեւսկու հեղինակած «Սատանայի կամ Մեֆիստոֆելի տունը» կառուցվել է 1910-1911 թթ. եւ ներառված է քաղաքի պատմական հուշարձանների ցանկում:
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, սակայն մեղավորները դեռ չեն գտնվել: