211652_close_icon
views-count1578 դիտում article-date 11:01 26-08-2015

Թբիլիսիում կայացել է Գևորգ Կոստանյանի և Գիորգի Բադաշվիլիի հանդիպումը

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Գևորգ Կոստանյանն ու Գիորգի Բադաշվիլին քննարկել են ՀՀ և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, գործառույթների հստակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, կարևորվել է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների կողմից և Վրաստանում ՀՀ քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հանձնման և, որ ամենակարևորն է, հանցագործությունների կանխման ուղղությամբ համագործակցությունը, ինչը վերջին տարիներին բավական արդյունավետ է իրականացվում: Երկուստեք կարևորվել է մաքսային ոլորտում առկա սերտ համագործակցությունը, որի արդյունավետությունն ակնհայտ է: Գևորգ Կոստանյանը նշել է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը, միջպետական համագործակցության առումով, հանցավորության դեմ պայքարում ՀՀ հուսալի գործընկերն է: Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են նոր՝ առավել հստակ համագործակցության հնարավորություն ընձեռող հուշագիր ստորագրելու անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Բադաշվիլիին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար և իր վրաց գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան: Տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիից մեկնելու է Աստանա, որտեղ կմասնակցի օգոստոսի 27-ին կայանալիք «ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի» հերթական նիստին: Ղազախստանի մայրաքաղաքում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի մի շարք երկկողմ հանդիպումներ: [b]ՀՀ գլխավոր դատախազություն[/b]

Նմանատիպ նյութեր