211652_close_icon
views-count2382 դիտում article-date 14:06 25-08-2015

Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը

2014-2015թթ. ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմն այսօր մեկնում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինեւ, մասնակցելու 2015-2016թթ. ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլին, որը կայանալու է օգոստոսի 26-29-ը: ՀՊՏՀ թիմն ընդգրկվել է G խմբում, որտեղ մեր տղաների հետ կմրցեն Մոլդովայի բարձրագույն խմբի չեմպիոն «Պրոգրես» եւ Բելգիայի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Հալե-Գույկ» թիմերը: Մեր պատվիրակության կազմում են 13 մարզիկներ, գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը, պատվիրակության ղեկավար, բուհի պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանը, ինչպես նաեւ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, ով տեղեկացրեց, որ մեր տղաները լավ մարզավիճակում են: Նա նշեց, որ ՀՊՏՀ ֆուտզալի թիմը վերջերս է վերադարձել եվրոպական համալսարանական ֆուտզալի առաջնությունից, որտեղ բավականին լավ արդյունքներ է գրանցել: 7 խաղից 4-ում հաղթել է, ունեցել է 2 ոչ-ոքի եւ միայն առաջնության չեմպիոնից է կրել պարտություն: Այնպես որ, Մոլդովայի մրցելույթներից կան ակնկալիքներ: Հովհաննես Գաբրիելյանը նշեց նաեւ, որ հայ ֆուտզալիստները պատշաճ պատրաստվել են առաջնությանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ Ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցության շնորհիվ Ծաղկաձորում անցկացրել են ուսումնամարզական հավաք: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հնարավորություն է ընձեռել թիմին մարզումներ անցկացնել ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում. ՀՊՏՀ ֆուտզալի թիմը Մոլդովա մեկնելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ստացել է ֆինանսական աջակցություն: Արարատբանկի եւ ՀՊՏՀ միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը, մասնագիտական պրակտիկաների կազմակերպումից եւ ՀՊՏՀ լավագույն ուսանողներին իր աշխատակիցների շարքեր ընդունելուց բացի, դրսեւորվեց նաեւ թիմին մեկ միլիոն դրամ աջակցությամբ. ՀՊՏՀ ուսանողական թիմի անդամները կարեւորում են բուհի ղեկավարության եւ Ուսանողական խորհրդի աջակցության դերն իրենց մարզական հաջողություններում: Նրանք նշում են, որ առանց ռեկտորատի մշտական ուշադրության եւ ուսանողների երկրպագման նման արդյունքների հասնելն անհնար կլիներ:

Նմանատիպ նյութեր