Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 23-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Գյումրիում։ 18 տարեկան հասակում տեղափոխվել էր Երևան։ 1945-1948 թվականներին սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։
Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի։