Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը:
Մարտի 8-ին դերասանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին, որտեղ էլ կնքել է մահկանացուն:
Վլադիմիր Էտուշը ԽՍՀՄ ժողովրդական արտիստներից ամենատարեցն էր: Նա խորհրդային բանակի շարքերում մասնակցել է 2-րդ համաշխարհային պատերազմին, պարգևատրել բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով:
1944թ. ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է, ընդունվել Վախթանգովի անվան թատրոն, որի բեմին էլ հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը:
Էտուշը կինոյում իր նորամուտը նշել է 1953 թվականին: Նրան ժողովրդական մեծ հռչակ են բերել Լեոնիդ Գայդայի երեք կոմեդիաներում խաղացած դերերը. Սաախովը՝ «Կովկասի գերուհին», Շպակը՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», ինժեներ Բրունսը՝ «12 աթոռ» ֆիլմերում, ինչպես նաև «Բուրատինոյի արկածները» ֆիլմում Կարաբաս-Բարաբասի դերը: Ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում և սերալներում:
Վլադիմիր Էտուշին կհուղարկավորեն մարտի 12-ին: