Լոզանում գտնվող Մարզական արբիտրաժի դատարանը (CAS) արգելված խթանիչներ օգտագործելու համար թուրք թեթևատլետ Ասլը Չաքըն Ալփեթքինին զրկել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից, որը նա նվաճել էր 1500 մետր վազքատարածությունում: Բացի այդ, մարզուհուն 8 տարի կարգելվի մասնակցել թեթև ատլետիկայի մրցաշարերին:
Ալփեթքինի գործով հետաքննությունը 2013թ. մայիսին նախաձեռնել էր Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF), երբ մարզուհու կենսաբանական անձնագրում կասկածելի տվյալներ էր նկատել:
2014թ. դեկտեմբերին թուրքական ֆեդերացիան դադարեցրել էր թեթևատլետուհու ժամանակավոր որակազրկումը՝ վերջինիս կողմից հակադոպինգային կանոնների խախտում չարձանագրելով: IAAF-ը թուրքական ֆեդերացիայի այս որոշումը բողոքարկել էր մարզական արբիտրաժում:
2004թ. Ալփեթքինը 2 տարով արդեն որակազրկվել էր աշխարհի երիտասարդական առաջնության դոպինգ-թեստը չանցնելու համար:
Ըստ գերմանական լրատվամիջոցների, մոտ ժամանակներս մի շարք հանրահայտ թեթևատլետներ կարող են արգելված խթանիչներ օգտագործելու համար նույնպես զրկվել պարգևներից: