211652_close_icon
views-count2617 դիտում article-date 19:07 17-08-2015

Ձերբակալությունից մինչեւ դատարան՝ երեք տարբեր մեղադրանք (տեսանյութ). «Ա1+»

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման ենթարկեց բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանին։ Ահա նրան ոստիկանությունը ձեռնաշղթաներով տանում է ի տես կառավարական շենքի բոլոր աշխատակիցների։ Ահա եւ գումարը՝ 79 հազար դրամ։ Օպերատիվ տեսանյութը խոսում է մի շարք գյուղերից մեծ ծավալի սեւ հող տեղափոխելու թույլտվություն տալու համար տարբեր քաղաքացիներից Արմեն Լաբլաջյանի վերցրած 975 հազար դրամ կաշառքի մասին: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին ընթանում է Լաբլաջյանի դատը։ Սեւ հողի եւ 975 հազար դրամ կաշառքի մասին ոչ մի խոսք։ Մեկ տարում մեղադրանքը փոխվել է երեք անգամ։ Այսօր Լաբլաջյանը մեղադրվում է կաշառքի մի չափի՝ հազար դոլարի համար, որն անհամեմատ ավելի քիչ է, քան դատավորի աշխատավարձը։ Իսկ իրեղեն ապացույց 79 հազար դրամն, ի դեպ, վերադարձվել է մեղադրյալին, որպես կաշառքի հետ կապ չունեցող գումար: Բնապահպանության նախարարության նախկին աշխատակցի հետ մեղադրյալի աթոռին է նստած ըստ մեղադրանքի կաշառք տվողը՝ Լաբլաջյանի ենթակա Հենրիկ Մարտիրոսյանը։ Դատարանում այս մարդն ասում է՝ ոչ մի կաշառք չի եղել՝ իր ընկերը հաց ուտելիս, բազմաթիվ այլ ընկերների ներկայությամբ պարտքով խնդրել է հազար դոլար՝ աշխատասենյակը վերանորոգելու համար, ինքն էլ տվել է։ Մինչդեռ նախաքննության ընթացքում Մարտիրոսյանն առանց փաստաբանի ներկայության ինքն իր դեմ ցուցմունք է տվել հաստատելով ընկերոջը անհատույց կաշառք տալու փաստը: Ըստ Հենրիկ Մարտիրոսյանի փաստաբան Ռոբերտ Ալիխանյանի՝ «Մարտիրոսյանն իր ցուցմունքում պատճառաբանել է, որ տվել է հարկադրված այն բանից հետո, երբ փորձել է բացատրել քննիչին, որ գումարը տվել է պարտքով, սակայն իրեն բացատրել եւ ասել են, որ ոչ ոք չի հավատա, որ իր հեռախոսային խոսակցությունը ձայնագրված է եւ այնտեղ ոչինչ չկա պարտքով տալու մասին։ Իսկ դա էլ կոչվում է անհատույց»: Նախաքննության ընթացքում երկու մեղադրյալների միջեւ առերեսում չի եղել, փոխարենը ըստ փաստաբանների, եղել է շանտաժ Մարտիրոսյանի հանդեպ, որպեսզի հաստատվի Լաբլաջյանին ուղղված մեղադրանքը։ Մեղադրող կողմը շանտաժի մտքին համաձայն չէ, նա ասում է, որ կաշառքի փաստը հաստատելու ցուցմունքը Մարտիրոսյանը պնդել է նաեւ հաջորդ երկու ցուցմունքներում։ Փաստաբանն ասում է՝ դա էլ է արվել շանտաժի միջոցով: Դատախազը Լաբլաջյանի համար պահանջում է 8 տարվա ազատազրկում, Մարտիրոսյանի համար՝ 3 տարի: Ի դեպ, Լաբլաջյանի փաստաբանը դատարանին խնդրում է դատավճռում հաշվի առնել իր պաշտպանյալի արցախյան ազատամարտիկ լինելը։ Մեղադրող Արման Գասպարյանը հակադարձում է՝ եթե կռվել է, դրա համար մեդալներ է ստացել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր