211652_close_icon
views-count30111 դիտում article-date 16:53 10-08-2015

Երեւանում ուժային կառույցի առեղծվածային ո՞ր պաշտոնյան է հովանավորում լայնամասշտաբ ապօրինություններին, ե՞րբ է վերջ դրվելու բնակիչների նկատմամբ տեռորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Արաբկիր համայնքի Աղբյուր Սերոբի նրբանցքներից մեկը վերածվել է պատերազմական թատերաբեմի: Պատճառը Աղբյուր Սերոբի 52/3 տան բնակիչ Վարդան Հովնիկյանի անպատիժ գործողություններն են: Այո, անպատժելի Վարդանը պարզապես տեռորի է ենթարկում այդ տարածքի մի քանի տների բնակիչներին: SHAMSHYAN.com-ը արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/16/59753/ ]անդրադարձել է[/url] այս թեմային: Վարդան Հովնիկյանի անօրենությունները սկսեցին ջրի երես դուրս գալ, երբ 2012 թ-ին նա ապօրինի կտրեց Ա. Սերոբ 52/1 տան սեփականատեր Խաչատրյանների հողատարածքում գտնվող հաստաբուն թթենին, հանեց տների միջև եղած բաժանարար ցանկապատն ու սկսեց հողափորման աշխատանքներ` վնասելով ու թուլացնելով տան հիմքը: Պարզվեց, որ Հովնիկյանը 2005 թ-ին տունը սեփականացնելու ժամանակ խարդախությամբ յուրացրել ու իր հատակագծում է ներառել նաև Խաչատրյանների հողատարածքի 12 քմ-ը: Խաչատրյանների բողոքից հետո Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը կասեցրեց, ապա անվավեր ճանաչեց Հովնիկյանին տված շինթույլտվությունը, բայց արդեն ուշ էր` Վարդանի «ախորժակը» բացվել էր: Ամիսներ չանցած հարբած վիճակում նա հարձակում գործեց Խաչատրյանների տան վրա, կոտրեց մուտքի դուռը, ջարդեց պատուհանների ապակիները, միջանցքի պահարանը, պատառոտեց վարագույրը… բայց արի ու տես, որ սա էլ նա հեշտությամբ մարսեց. քրեական գործը կարճվեց, դատախազ Կարեն Բարսեղյանն ու քննիչները անտեսեցին ակնհայտ ու բացահայտ ապացույցները` արյան հետքեր, մատնահետքեր, ականատեսներ և այլն, և այլն: Խաչատրյանները դիմեցին դատարան` հույս ունենալով գոնե ետ ստանալ իրենցից գողացված հողատարածքը: Բայց վարչական դատարանը (դատավոր Արծրուն Միրզոյան) 3 տարի չի կարողանում կողմնորոշվել ու արդար վճիռ կայացնել` հաշվի չառնելով անգամ Փորձաքննությունների ազգային բյուրոյի իրականացրած փորձաքննության եզրակացությունը: Թվում էր, թե հարցի բարձրաձայնումից հետո պատկան մարմինները, առաջին հերթին՝ Երևանի քաղաքապետարանը և Արաբկիրի թաղապետարանը, ինչպես նաև իրավապահ մարմինները, համապատասխան քայլեր կձեռնարկեն Վարդան Հովնիկյանի «բեսպրեդելը» դադարեցնելու և 52/1 տան բնակիչների անվտանգությունն ու բնականոն կյանքը ապահովելու համար: Սակայն այս օրերին Վարդան Հովնիկյանը, շատ ինքնավստահ ու ագրեսիվ, էլ ավելի սանձարձակ գործողությունների է դիմել: Մասնավորապես, լրագրող ամուսիններ Գայանե Խաչատրյանի և Մհեր Ղալեչյանի՝ 52/1 տան մոտ քարերով պատնեշ է ստեղծել, որի պատճառով արգելափակվել է նրանց ելումուտը դեպի տան ետնամաս, որտեղ նրանք ունեն սեփական հողակտոր և խորդանոց: Լրագրող ամուսինները դիմել են թե’ թաղապետարան, թե’ քաղաքապետարան, թե’ ոստիկանություն, որպեսզի վերջիններս պարտադրեն Հովնիկյանին վերացնել այդ պատնեշը, սակայն՝ ապարդյուն: Ու թեև նախկինում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է, Հովնիկյանը շարունակում է ահաբեկել լրագրող ամուսիններին`« Ձեր տան դուռը բաց մի թողեք: Չե՞ք հասկանում, որ ճանապարհը փակում եք»: Իսկ Հովնիկյանը հենց ինքն է իր ելքի աստիճանները վերացրել, իր դռան դեմը կառուցել ապօրինի հարթակ և իր համար անցուղի դարձրել Խաչատրյանների տան շեմքը: Դուք նման բան տեսե՞լ եք: Այստեղ կոռուպցիոն ռիսկե՞ր կան, թե՞ Վարդանը շատ զորեղ հովանավոր ունի: Բոլոր դեպքերում, չնայած գործած ապօրինություններին ու հանցանքներին, Վարդանը մնում է անպատիժ և շարունակում թունավորել շրջապատի կյանքը: Թերևս, այս անպատժելիության սինդրոմն է, որ Վարդան Հովնիկյանին այնքան ոգեղեն և ուժեղ է դարձրել, որ նա որոշել է այս անգամ էլ Կարապետյանների ընտանիքին պատկանող 52/7 տան մուտքի աստիճանները քանդել: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, այն Հայկ Ասատրյանը, որն անտեսել է, արհամարել է, ընթացք չի տվել 52/1 տան բնակիչների բազմաթիվ օրինական պահանջներն ու դիմումները, Վարդան Հովնիկյանին անմիջապես թույլ է տվել, որպեսզի Կարապետյանների տան մուտքի աստիճանները քանդի: Սա է պատճառը, որ տարածքի բնակիչների կարծիքով, հենց Հայկ Ասատրյանն է հանդիսանում Վարդան Հովնիկյանի գլխավոր հովանավորներից մեկը: Ինչպե՞ս է ստացվել, որ Հայկ Ասատրյանը, առանց հաշվի առնելու ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները, մշտապես բավարարում է Վարդան Հովնիկյանի քմահաճույքները, ինչն էլ վերջինիս դրդում է բախումներ հրահրել բոլոր հարևանների հետ: Ինչպե՞ս է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը Վարդան Հովնիկյանին «դաբրո» է տալիս քանդելու մարդկանց տան մուտքի աստիճանները, փակելու դուռը և իրեն հարց չի տալիս՝ Կարապետյանները ուղղաթիռո՞վ են տուն մտնելու: Օգոստոսի 2-ին Հովնիկյանը հերթական փորձն է արել քանդելու 52/7 տան մուտքի աստիճանները: Մոտ մեկ տասնյակ ոստիկանների, մի քանի բանվորի, իրավաբանի ուղեկցությամբ, ձեռքի տակ ունենալով Հայկ Ասատրյանի «դաբրոն»: Սակայն տարածքի բնակիչները թույլ չեն տվել նրան ի կատար ածել հերթական «բեսպրեդելը» և համատեղ ուժերով կարողացել են «զավթիչին» կանգնեցնել: Այժմ այս հարցն էլ է մտել դատարան: Չէ՞ որ Վարդանն իրավունք չուներ սեփականության իրավունք ստանալ իր տանը կից անցումի նկատմամբ, որն ընդհանուր օգտագործման տարածք է և օտարման ենթակա չէ: Միայն կադաստրի աշխատակից Վարազդատ Փիրումյանի կողմից Հովնիկյանին տրված կեղծ, իրականությանը չհամապատացխանող հատակագծի շնորհիվ է նա իրավունք ձեռք բերել անցումի և 52/1 տանը պատկանող հողամասի մի հատվածի նկատմամբ: Այդ հանգամանքից թևեր առած Վարդանը գոռում է` « Չկանգնե'ք իմ հողի վրա, հեռու գնացե'ք»: Ամենազարմանալին այն է, որ օրենքը պաշտպանելուն կոչված ոստիկանները պատրաստակամ աջակցում էին Վարդան Հովնիկյանին՝ առանց ձեռքի տակ ունենալու «թույլտվություն» կոչվածը և միայն բնակիչների պահանջից հետո բերեցին փաստաթուղթը: Իսկ նրանցից մեկը՝ ոմն Մուրադյան, նույնիսկ տեղյակ էլ չէր, թե քանդման թույլտվությունն ո՞վ է տվել և գործողությունների ընթացքում անընդհատ շահարկում էր Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանի անունը, թե իբր նա է թույլատրել: Այսինքն՝ դեպքի վայրում ոստիկանական համազգեստով գտնվող Մուրադյանը Հովնիկյանի անձնական պաշտպանի դերն էր ստանձնել՝ անգամ չանհանգստանալով, որ իր կեղծիքը կարող է բացահայտվել: Իսկ թե ինչո՞ւ էին փորձում կոծկել Հովնիկյանի հիմնական հովանավորներից մեկի՝ քաղաքապետարանի չինովնիկ Հայկ Ասատրյանի անունը, դա, թերևս, քաղաքապետի ու իրավապահ մարմինների գործն է: Սա ի գիտություն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, թե նրա քթի տակ ինչ ապօրինություններ են կատարում որոշ պաշտոնյաներ: Նշենք, որ Հովնիկյանները ամեն օր արգելափակում են տարածքի բնակիչների ելումուտը իրենց տներ: Լուսանկարները և տեսանյութը. ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր