211652_close_icon
views-count2155 դիտում article-date 15:48 05-08-2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված նամականիշն ամբողջ աշխարհով սպառման դուրս եկավ. ֆոտոշարք

«Հայփոստ» ՓԲԸ-ն պաշտոնապես մարեց և շրջանառության մեջ դրեց Համահայկական ամառային 6-րդ խաղերը խորհրդանշող նոր փոստային թողարկում`գեղաթերթիկ մեկ նամականիշով: Գեղաթերթիկի մարմանը մասնակցում էին ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներ Հերմինե Դուզյանը և Տիգրան Ալթունը, պատվավոր անդամ Հագոպ Կիրմիզյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի խոսքով` բարի ավանդույթ է դարձել բոլոր հատկանշական միջոցառումներին նվիրված գեղաթերթիկ, նամականիշ կամ ծրար ունենալը: «Համահայկական ամառային 6-րդ խաղերն այնքան նշանակալից են մեր ազգի համար, որ նախարարության նամականիշների խորհուրդն ու «Հայփոստ» ընկերությունը որոշեցին ստեղծել թե’ ծրար, թե’ գեղաթերթիկ, թե’ նամականիշ: Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցեցին Համահայկական խաղերի գործադիր խորհրդի անդամներ, հայ նշանավոր մարզիկներ, Ֆիլատելիստների միության նախագահը, «Հայփոստ» ընկերության տնօրենը»,-ասաց Գագիկ Թադևոսյանը: Փոխնախարարի տեղեկացմամբ` նամականիշը մեծ տպաքանակով գնում է ամբողջ աշխարհով սպառման: «Սա գնում է համալրելու համաշխարհային ֆիլատերիայի նմուշները: Կարծում եմ` Համահայկական ամառային խաղերին նվիրված նամականիշն իր ուրույն տեղը կզբաղեցնի համաշխարհային նամականիշների շարքում»,-հավելեց փոխնախարարը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հերմինե Դուզյանը, ով ներկայացնում է Ֆրանսիան, հպարտ է նման միջոցառմանը մասնակցելու համար: Նրա կարծիքով` նամականիշի միջոցով հանրահռչակվում են թե’ Համահայկական խաղերը, թե’ Հայաստանն ինքնին: Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված գեղաթերթիկի վրա պատկերված է խաղերի ոսկե մեդալի դիմերեսը և դարձերեսը, ոճավորված պատկերված են խաղերի լոգոտիպը և գավաթը, ինչպես նաև նշված են այն քաղաքները, որտեղ անցկացվելու են խաղերը` Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ: Նամականիշի վրա պատկերված է մրզադաշտ` վեց հիմնական սպորտաձևերով, ինչպես նաև Համահայկական խաղերի լոգոտիպը: Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի դիզայնն իրականացրել է Դավիթ Դովլաթյանը: Տպաքանակը 20 հազար օրինակ է, նամականիշի չափերն են` 28/45 մմ, գեղաթերթիկի չափերը` 52/77 մմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր