Եվրոպայի Լիգայի հանդիպումը դադարեցվել է ֆուտբոլիստի վրա նետած քարի պատճառով. տեսանյութ
Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլում ալբանական «Կուկեսիի» և լեհակա «Լեգիայի» միջև հանդիպումը անավարտ է մնացել:
Պատճառը տրիբունաներից նետված քարն է, որը դիպել է լեհական թիմի կիսապաշտպան Օնդրեյ Դուդուի գլխին:
Միջադեպը տեղի է ունեցել 51-րդ րոպեին, երբ «Լեգիան» առջևում էր 2:1 հաշվով: Արդյունքում մրցավարը թիմերին դուրս է բերել խաղադաշտից, իսկ հետո որոշել չշարունակել հանդիպումը:
Այդ ընթացքում ալբանական երկրպագուները սկսել են քարեր նետել հյուրերի երկրպագուների վրա: «Լեգիայի» ներկայացուցիչները գտնում են, որ ալբանական թիմին պետք է տեխնիկական պարտություն գրանցվի՝ 0:3 հաշվով:
Նշենք, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստը բուժօգնություն ստանալուց հետո իրեն լավ է զգում: