211652_close_icon
views-count1913 դիտում article-date 18:43 30-07-2015

Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն: Ախալքալաքի առողջապահության ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին են ներկայացրել այժմ հիմնանորոգման փուլում գտնվող բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները, գործիքակազմը: «Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում` վերանորոգումներ, վերակառուցումներ: Նախատեսված է նոր ախտորոշիչ կենտրոնների կառուցում` ներառյալ շետրագրման հնարավորություն, շերտագրող համակարգիչ, ժամանակակից թվային ռենտգեն սարքեր, վիրահատարաններ»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ջավախքում հեմոդիալիզի ծառայություն ունենալու հնարավորությունը: Արմեն Մուրադյանն այցելել է նաև կենտրոնում բուժում ստացող հիվանդներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Նա եղել է նաև ծննդաբերական բաժանմունքում: Բուժաշխատողները նշել են, որ ջավախահայերն իրենց զգում են Հայաստանի ուշադրության կենտրոնում և շնորհակալ են առողջապահական համակարգին ցուցաբերվող աջակցության համար: Արմեն Մուրադյանը բուժաշխատողների հետ զրույցում հետաքրքրվել է կադրային քաղաքականությամբ, մատուցվող վճարովի և անվճար ծառայությունների ծավալներով, մասնագետների աշխատավարձերով: «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոնը հիմնանորոգման ավարտից և նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո այցելուների առջև իր դռները կբացի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Նշենք, որ Ջավախքում գործում է առողջապական չորս բժշկական կազմակերպություն:

Նմանատիպ նյութեր