211652_close_icon
views-count1502 դիտում article-date 18:51 29-07-2015

Մեկնարկել է «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում մեկնարկեց «Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 30-ին: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նա մասնավորապես ասաց. «Համոզված եմ, որ մայրենի լեզվի երկու ճյուղերին նվիրված այս համաժողովն իր նպաստը կբերի մեր լեզվի միասնական զարգացման ու գործառության, պահպանության, կանոնարկման ու գիտական ուսումնասիրության, անաղարտության պահպանության, ուսուցման խնդիրներին վերաբերող նախաձեռնությունների, ծրագրերի, գործողությունների առաջադրման ու իրագործման համար: Ցեղասպանության պատճառած անդառնալի վնասներից են նաև մեր լեզվական կորուստները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ անելիքներ ունենք: Անդառնալի կորստի մատնվեցին տասնյակ արևմտահայ բարբառներ, իր պատմական հայրենիքից և բնականոն զարգացման հնարավորությունից զրկվեց գրական արևմտահայերենը, որը ծվեն-ծվեն եղած գոյամարտ է մղում աշխարհի չորս ծագերում: Այն մեծ աջակցության կարիք ունի, քանզի Սփյուռքում արևմտահայերենն ունի հայապահպանական կարևորագույն գործառույթ: Մայրենին, իրավամբ, տունն է հայի աշխարհի չորս ծագերում: Անուրանալի են լեզվապահպանության առումով Սփյուռքի կառույցների ջանքերը: Բարձր գնահատանքի է արժանի հատկապես հայ եկեղեցու աջակցությունն այդ հարցում: Հայաստանում ևս աշխատանքներ են ծավալվել արևմտահայերենի ուսումնասիրման, ուսուցման, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի ստեղծման ասպարեզում: ՀՀ կառավարությունը, ի դեմս Սփյուռքի նախարարության, համագործակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի, բուհական հաստատությունների, գիտամշակութային տարբեր կազմակերպությունների հետ՝ արևմտահայերենի կիրառման ոլորտների ընդլայնման, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման, հայրենազրկված և կորստի մատնված բարբառների նշխարները հավաքելու և ի մի բերելու համար: Մենք պարտավոր ենք արևմտահայերենը պահպանել անաղարտ պահել և ապահովել հայերենի միասնական զարգացումը՝ իբրև ազգային միասնության պահպանման և պետականության զարգացման կարևորագույն գործոն»: Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հավելեց. «Ընդհանրապես, մեր նախարարության կողմից տարիներ շարունակ իրականացվող բազում ծրագրեր միտված են նպաստելու Սփյուռքում լեզվապահպանությանը և այդ ճանապարհով՝ ազգապահպանությանը: Այդպիսիք են, օրինակ, «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն», «Էլեկտրոնային գրադարան», «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչ», «ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցություն», «Հայոց լեզվի ուսուցման հեռուստադպրոց», «Ուսուցիչների գործուղում հեռավոր տարածաշրջաններ», «Արևմտահայերենին վերաբերող գիտական հետազոտութ­յուն­ների խրախուսում» և այլ ծրագրեր»: Հարգելի բարեկամներ, նախաձեռնելով այս համաժողովը՝ մենք լիահույս ենք, որ առաջադրված խնդրով մտահոգ գիտնականներդ, մտավորականներդ, մանկավարժներդ հանդես կգաք իրավիճակի վերլուծություններով, դիտարկումներով, առաջարկություններով, որոնք կնպաստեն լեզվապահպանությանն աջակցելու համալիր ծրագրի մշակմանը, Սփյուռքի հետ գիտակրթական կապերի ամրապնդմանը, արևմտահայերենի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի և մեթոդների բարեփոխմանը, Հայաստանի Հանրապետությունում արևմտահայերենի դասավանդման որակական նոր մակարդակի ձեռքբերմանը, հայերենի երկու ճյուղերի համընթաց ու միասնական զարգացման, փոխհարստացման ուղիների մշակմանը»: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա կարևորեց համաժողովի դերը հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցմանն առնչվող խնդիրների լուծման գործում և նշեց, որ լեզվի երկու ճյուղերի կանոնակարգումն ու բառաֆոնդի հարստացումը օրախնդիր է, առաջիկայում գործելու է Հայերենի բարձրագույն խորհուրդը, որն իր հերթին կնպաստի այդ խնդիրների լուծմանը: Առկա խնդիրները լուծելու նպատակով ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ստեղծվել և գործում է արևմտահայերենի բաժին: «Հայոց լեզվի առջև ծառացած մարտահրավերները ցեղասպանությունից 100 տարի անց» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Նա անդրադարձավ լեզվի երկու ճյուղերի ներկա վիճակին և առկա խնդիրներին, ներկայացրեց ցեղասպանության հետևանքով և խորհրդային շրջանում Ադրբեջանում հայկական բարբառների կորստին, լեզվի զարգացման ու երկու ճյուղերի մերձեցման խոչընդոտներին: Համաժողովը շարունակվում է, զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Սփյուռքի անվանի լեզվաբաններ, գրականագետներ, ոլորտի այլ մասնագետներ:

Նմանատիպ նյութեր