211652_close_icon
views-count1341 դիտում article-date 17:34 10-10-2014

Երևանում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը

Հոկտեմբերի 10-12-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան կազմակերպում են «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը: Համաժողովի շրջանակներում կանցկացվի. • «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով. • մարտավարա-մասնագիտական ռազմաբժշկական ցուցադրական զորավարժություն, որին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը և ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչությունը: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ուժային, բժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. - Սա հիանալի հնարավորություն է զինվորական բժշկության արդի խնդիրների շուրջ գիտական ու մասնագիտական քննարկումներ ծավալելու համար: Առանձնապես ուրախալի է այն հանգամանքը, որ գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած լավագույն մասնագետներ: Ռազմական բժշկության ոլորտը մշտապես գտնվում է ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Զարգացման համար մենք համագործակցում ենք դաշնակից և գործընկեր երկրների հետ: Մեզ օժանդակում է նաև Զինվորական բժիշկների հայկական նորաստեղծ ասոցիացիան: Մեր նպատակն է ստեղծել լիարժեք ու որակյալ, բժշկական նորագույն ձեռքբերումների վիա հիմնված ծառայություն: Հատկապես մարտի դաշտում յուրաքանչյուր զինվոր պետք է վստահ լինի, որ վիրավորվելու դեպքում կստանա որակյալ բուժօգնություն: Այս ոլորտի զարգացումը համապետական մոտեցում է պահանջում, որի մասին վկայում է նաև այստեղ արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարների ներկայությունը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին ու բոլորին մաղթում բեղմնավոր աշխատանք: Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը. - Մարդկությունն իր պատմության ընթացքում միշտ մեծ տեղ է տվել ռազմական բժշկությանը: Հուսով եմ, որ այս համաժողովը կօգնի մասնակիցներին ծանոթանալ միջազգային լ ավագույն փորձին ու ձեռքբերումներին: Այսօր մենք ունենք աղետների բժշկություն, որը ռազմական բժշկության հիմնական ուղղություններից է: ԱԻ նախարարությունը, Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության հետ համատեղ մարզերում վերապատրաստել է հարյուրավոր մասնագետների, որոնք ապահովվել են նաև անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով: «911» ծառայությունում գործում է հոգեբանական աջակցության ծառայություն, որը կանգնած է ժողովրդի կողքին: Ուզում եմ հավաստել, որ մենք միշտ ձեր կողքին ենք` պատրաստ աջակցել ցանկացած հարցում: Շնորհակալ եմ հրավերի համար և մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` նշելով, որ ռազմական բժշկությունը Հայաստանում մեծ վերելք է ապրում: Գիտաժողովի օրակարգում ընդգրկված են զեկույցներ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կայացման ու զարգացման, խաղաղ պայմաններում բանակային առողջապահության, ՌԴ, Գերմանիայի և Հունաստանի զինված ուժերի բժշկական ծառայությունների, ԱՄՆ-ում հոսպիտալային բուժման, դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների ժամանակ բուժապահովման կազմակերպման, հրազենային վնասվածքաբանության և այլ թեմաների վերաբերյալ: Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում (հասցեն՝ Նոր Նորքի 6-րդ միկրոշրջան, Շոպրոնի 77) տեղի կունենա համատեղ զորավարժություն` «Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով:

Նմանատիպ նյութեր