211652_close_icon
views-count1545 դիտում article-date 22:21 28-07-2015

Հայաստանում հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին. ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, Ա.Ալեքսանյանի անվ. համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.թ., պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը ներկայացրեցին աշխարհում և Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը, իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, հիմնախնդիրները և անելիքները: Նշվեց, որ այս տարի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման վիրուսային հեպատիտի կանխարգելումն է: Տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 240 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ Բ վիրուսով, 130-150 մլն՝ հեպատիտ Ց, տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք: Հեպատիտ Բ-ի վիրուսը, որպես քաղցկեղի առաջացման պատճառ, 2-րդ տեղում է ծխելուց հետո: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, ուստի բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը մեծ բեռ է բազմաթիվ երկրների համար: 2010-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի կողմից ընդունված վիրուսային հեպատիտների` մասնավորապես Բ-ի և Ց-ի մասին որոշումը ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ, և իր հետագա աշխատանքներն իրականացրել և իրականացնում է այդ համատեքստում: Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 2008թ. եղել է 25.7, իսկ 2014-ին` 2.4, ինչը վկայում է, որ հեպատիտ Ա-ի դեպքերը նվազել են շուրջ 11 անգամ: Արձանագրված հեպատիտ Ա-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել: Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` 100000 բնակչի հաշվարկով 2008թ. 3.4, 2014-ին` 1.8: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում: Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ: ՀՀ առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մասնավորապես՝ ստեղծվել են հեպատիտների կանխարգելման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմներ, ձևավորման փուլում է հեպատիտների կանխարգելման գիտամասնագիտական խորհուրդը: Իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Ծրագրի ամբողջական գործադրումը կնպաստի վիրուսային հեպատիտների, հատկապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման, վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման միջոցով նվազեցնել վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները Հայաստանի Հանրապետությունում: Այսօր հեպատիտների համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում հեպատիտների դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կապահովվի հեպատիտների կանխարգելումը Հայաստանում: 2011թ.-ից Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է հեպատիտների դեմ պայքարի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը։ Ի դեպ, երեկ մամուլի ակումբներից մեկում կազմակերպված ասուլիսի ընթացքում թյուրիմացաբար տեղեկատվություն է հնչել, թե 2014 թվականին Քաջարանի բժշկական կենտրոնում բուժօգնություն և սպասարկում ստանալու ժամանակ հեպատիտ Ց-ով վարակվածություն և հիվանդություն ունեցող հիվանդների բուժումն իրականացվում է պետական միջոցներով։ Հիշեցնենք, որ ելնելով ստեղծված իրավիճակից, դեռ տարեսկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը, չսպասելով քրեական գործի ավարտին, քննարկումներ սկսեցին հեպատիտ Ց-ով վարակվածների բուժման կազմակերպումն ապահովելու նպատակով։ Արդյունքում` սոցիալական պատասխանատվություն ստանձնելով և բարի կամք դրսևորելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ստանձնեց Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ Ց-ով վարակված հիվանդների բուժօգնության և սպասարկման բուժումը։

Նմանատիպ նյութեր