Ինչպես է հայտնվել 2 շաբաթից ավելի որոնվող 24-ամյա երիտասարդը եւ ինչու է գաղտնի պահում իր գտնվելու վայրը
Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 24-ամյա Կաչաղ Մուրազի Մամոյանը հայտնվելուց հետո թե հորաքրոջը եւ թե գյուղապետին չի հայտնել, ուր է եղել այդքան ժամանակ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դիտակի գյուղապետ Սուրեն Սրապոյանը։
Նա նշեց, որ մոտ մի քանի րոպեով է հանդիպել նրան, սակայն երիտասարդը ոչինչ չի ասել, թե ուր է եղել։ «Ինքը իր ոտքով եկել է։ Այնպես էլ չէր, որ բոմժի կարգավիճակում էր, սափրված, կոկիկ վիճակում էր։ Ես էլ ասացի՝ գնա բաժին, բացատրություն տուր։ Հորաքրոջ հետ երեկ խոսեցի, ասաց, որ գնացել է Չարենցավան՝ բացատրություն տալու եւ դեռ չկա։ Նա էլ չգիտեր, թե ուր է եղել այդքան ժամանակ»,- ավելացրեց գյուղապետը։
Մինչեւ այդ նա տեղեկացրել էր, որ տղայի ծնողները տարիներ առաջ են մահացել, 2 քույրերն էլ ամուսնացել են։ Կաչաղն ապրել է հորաքրոջ հետ, սակայն տղայի անհետանալուց հետո հորաքրոջ ինքնազգացողությունը վատացել է եւ այս պահին անկողնային հիվանդ է։ Գյուղապետը չէր բացառել, որ նա սիրո հողի վրա անհետացած լինի. «Նա թշնամիներ չի ունեցել, խմելու, խաղալու հետ սեր չի ունեցել։ 12 օր է՝ նրան ենք փնտրում։ Հեռախոսն էլ անջատել է։ Ի՞նչ իմանաս, կարող է մեկին հավանել է, գնացել, հետը ապրում է»:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Կաչաղ Մուրազի Մամոյանը, որին հուլիսի 14-ին, ժամը 9.30-ի սահմաններում, հորեղբայրը Չարենցավան քաղաքի ավտոկայարանից ճանապարհել է տուն՝ Դիտակ գյուղ, սակայն երիտասարդը տուն չի հասել: