Ռուսաստանին միանալուց հետո առաջին անգամ Ղրիմ կայցելեն Եվրամիության պատգամավորները
Թեպետ Եվրոպայի պետությունները Ռուսաստանին միացած Ղրիմը համարում են «օկուպացված տարածք» և մտադիր չեն փոխել այդ դիրքորոշումը, սակայն շուտով թերակղզի կայցելի եվրոպական պատվիրակություն:
Առաջին անգամ այն բանից հետո, ինչ Ղրիմը դարձավ ռուսական տարածք, այնտեղ կմեկնի ֆրանսիացիների պատվիրակությունը:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Թիերի Մարիանին, որը գլխավորելու է խումբը:
Այցի մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Վերջինիս խոսքերով, այցելությունը տեղի կունենա մոտ օրերս. «Հուլիսի 22-ի երեկոյան պատվիրակությունը կժամանի Մոսկվա, իսկ հուլիսի 23-ին կմեկնի Ղրիմ», հայտնել է Սլուցկին:
Պատգամավորը նաև նշել է, որ ֆրանսիացի պատգամավորները կհանդիպեն Ղրիմի ղեկավարության հետ՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովի և Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի: Բացի այդ, պատվիրակները կլինեն նաև Յալթայում, որտեղ կհանդիպեն տեղի բնակչության և զբոսաշրջիկների հետ:
Ռուս պատգամավորը ընդգծել է, որ այս այցելությունը Ղրիմի հարցում նոր էջ կբացի Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկխոսությունում: