Կանանց շալակելու աշխարհի չեմպիոնը շարունակում է անպարտելի մնալ. տեսանյութ
Ֆիննական ТВ Yle հեռուստաընկերության հաղորդավար Յուխա Հիետանենը հուլիսի 20-ի առավոտյան հրապարակավ մարտահրավեր է նետել կանանց շալակելու աշխարհի չեմպիոն Վիլա Պարվիայնենին և նրա ընկերուհուն՝ Յանետա Օկսմանին:
Ինչպես և սպասվում էր, առաջին եզրագիծը հատել է Պարվիայնեն-Օկսման զույգը, թեպետ Յուխան իր ընկերուհու հետ արժանի մրցակցություն է ցույց տվել:
Աշխարհի գործող չեմպիոն Վիլա Պարվիայնենը նշել է, որ կանանց շալակելու մարզաձևում անհրաժեշտ են հետևյալ հատկանիշները. ուժ, արագություն և դիմացկունություն:
Կանանց շալակելու աշխարհի առաջնությունը ամեն տարի անցկացվում է Ֆինլանդիայի Սոնկայարվի բնակավայրում:
Մրցաշարի կանոններով, տղամարդը կնոջը շալակած պետք է տանի 253,5 մետր, որն իր մեջ ներառում է բազմաթիվ արգելքներ, այդ թվում՝ ջրային:
Կինը պետք է 17 տարեկանից բարձր լինի և կշռի ավելի քան 49 կիլոգրամ: Հակառակ դեպքում տղամարդը պետք է պակաս կիլոգրամները լրացնելու համար բեռնավորված պայուսակ կրի: