Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը սկսել էր զրահապատ մեքենայով շրջել. «Ժողովուրդ»
Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ, տեղեկացնում է «Ժողովուրդ» թերթը և հիշեցնում, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից:
«Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ սպանված հեղինակության մտերիմներին ևս վտանգ է սպառնում: Իսկ հնարավոր թիրախների ցանկում Տույը առաջիններից էր: Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը սկսել էր զրահապատ մեքենայով շրջել: Իսկ ինչ վերաբերում է նրան կալանավորելու պատմությանը, շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` Քանաքեռցի Տույին ու իր թիկնապահներին իրավապահները շրջափակել և բերման են ենթարկել` «զակազի» գնալու ճանապարհին», գրում է թերթը: