211652_close_icon
views-count1415 դիտում article-date 17:32 12-07-2015

Կաթոլիկ ուխտավորների խումբը գտնվում է Հայաստանում

Հուլիսի 12-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Սիենա քաղաքի արքեպիսկոպոս Անտոնիո Բուոնքրիստիանիի առաջնորդած կաթոլիկ ուխտավորների խմբին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Սիենայի արքեպիսկոպոսը նշել է, որ խումբը այս օրերին ուխտավորաբար գտնվում է Հայաստանում եւ Մայր Աթոռում այդպիսով մասնակից դառնալու նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Այնուհետեւ կաթոլիկ ուխտավորներին իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով, որ Քույր Կաթոլիկ Եկեղեցու հավատացյալները, ի գլուխ ունենալով իրենց հոգեւոր առաջնորդներին, այցելում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ աղոթելու, որ այդօրինակ ողբերգությունները կանխվեն մարդկային կյանքում: Իր խոսքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը խոսել է նաեւ Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա եղբայրական ջերմ հարաբերությունների մասին՝ ի մասնավորի գոհունակությամբ անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այս տարվա ապրիլի 12-ին ձեռամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագի արարողությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական արդյունավետ փոխգործակցության կարեւոր արտահայտություն է համարել այն, որ անցնող 15 տարիների ընթացքում շուրջ երկու տասնյակից ավելի հայ հոգեւորականներ իրենց հոգեւոր կրթությունը շարունակել են տարբեր կաթոլիկ աստվածաբանական համալսարաններում: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր