882 դիտում
18:40 03-07-2015
Մայրաքաղաքում շարունակվում է շախմատի նոր դպրոցների կառուցման գործընթացը
Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 110 դպրոցի` տարիներ շարունակ չօգտագործվող շուրջ 1000 քմ տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների համար, որը շուրջ 500 սաների հնարավորություն կընձեռի ստանալ շախմատային կրթություն:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դեռևս երկու տարի առաջ սկիզբ առած այս ծրագիրը հաջողությամբ իրականացվում է և լինելու է շարունակական: «Երևանի քաղաքապետարանը՝ Շախմատի ակադեմիայի հետ միասին, երկու տարի առաջ նախաձեռնեց մայրաքաղաքի վարչական շրջաններում շախմատի դպրոցների հիմնումը: Սա, անշուշտ, սպասված ծրագիր էր մեր համաքաղաքացիների համար: Այսօր արդեն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է շախմատի 8 դպրոց, որտեղ անվճար մարզվում են շուրջ 3000 երեխաներ: Շենգավիթ վարչական շրջանի այս և Նուբարաշեն վարչական շրջանում կառուցվող շախմատի դպրոցներն էլ շահագործման կհանձնենք արդեն այս տարի»,- ընդգծել է քաղաքապետը:
Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորվում են նաև համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները: Շնորհակալություն հայտնելով շախմատի զարգացման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար ու առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը՝ պատասխանատուները նկատել են, որ շախմատի դպրոցների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս ընդգծել է, որ մարզաձևի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ մայրաքաղաքում տարվող ծրագրային քաղաքականությունը շարունակական է լինելու:
«Ես, թե որպես Երևանի քաղաքապետ և թե որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը, քանզի համոզված եմ, որ մեր այսօրվա տաղանդավոր երեխաների շնորհիվ Հայաստանը դեռ երկար է մնալու շախմատային առաջատար երկիր»,- ընդգծել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
2526 դիտում
19:47 18-07-2014
Մայրաքաղաքում շարունակվում են գրադարանների և արվեստի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
1270 դիտում
23:17 16-08-2022
Բերդաշեն, Արեգնադեմ, Կապս բնակավայրերում ընթացքի մեջ են մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքները
Այս բաժնից
766 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
847 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
715 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է