1184 դիտում
12:46 02-07-2015
Մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ մեկնարկեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 4-ը:
«Այս համագումարը հրաշալի առիթ է ամփոփելու կատարված աշխատանքները, մեր ծրագրային մոտեցումներն ու խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ այս տարի համագումարի շրջանակում շեշտադրվում են հանրային առողջապահական խնդիրները, հիվանդանոցային, պոլիկլինիկական և արտահիվանդանոցային բուժօգնության որակի բարելավմանն ուղղված աշխատանքները:
Նախարարն անդրադարձավ նաև համակարգի հաջողություններին` մատնանշելով իմունականխարգելման, սրտի անհետաձգելի վիրահատությունների, սկրինինգային, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված այլ ծրագրեր:
Ընթերցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձները:
Նախատեսվող աշխատանքները ներկայացրեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթ ունեցան ՀՀ սփյուռքի նախագահ Հրանուշ Հակոբյանը, համագումարի կազմավորման ակունքներում կանգնած անհատներ:
Արմեն Մուրադյանն իր ելույթում անդրադարձավ առողջապահության քաղաքականությանը:
«Անշուշտ հենց համագործակցության արդյունքում են ծնվել համատեղ ծրագրեր, որոնք կոչված են լուծելու ամենալուրջ խնդիրները»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ սերտ համագործակցությունը նպաստեց զարգացնելու նոր ուղղություններ` փրկելով տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր: Որպես վառ օրինակ` նա հիշատակեց անոթային և սրտային վիրաբուժության ոլորտի հաջողությունները, ակադեմիական հայկական դպրոցի և անվանի, խոշոր սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի համատեղ աշխատանքը, որը լայն թափ հաղորդեց մեր երկրում սրտաբանության զարգացմանը:
«Հետադարձ հայացք նետելով պետք է փաստենք, որ նման ծրագրերը բերեցին նոր մոտեցումներ: Ձևավորվեց նոր սերունդ, որը հիմնվում է ապացուցողական բժշկության վրա»,- նկատեց առողջապահական համակարգի պատասխանատուն:
Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող 4-րդ համագումարի շրջանակներում բանախոսները և մասնակիցները կանդրադառնան մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին։
Կլուսաբանվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության բուժքույրական, առողջապահական կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում առաջխաղացումները, կարծարծվեն հարակից բազմաթիվ բժշկական ոլորտներում արդի այլ խնդիրներ: Ներկայացուցչական համագումարին մասնակցում է 18 երկրից ժամանած գրեթե 250 մասնագետ։ Ընդհանուր առմամբ, համագումարին կմասնակցեն 2000 բժիշկ և բուժքույր։
Հուլիսի 1-4-ը կկազմակերպվեն 17 սատելիտային սիմպոզիումներ` մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները՝ նպաստելով միջազգային համագործակցության կամուրջներ հիմնելուն: Սատելիտային սիմպոզիումներին մասնակցությունն անվճար է:
Համագումարի երրորդ օրը կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի և ապագա համագործակցության ռազմավարությանը:
2001 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ բժիշկների միջազգային համագումարն անցկացնել Հայաստանում և Սփյուռքում համապատասխանաբար երկու տարին մեկ: Ընդ որում, մայր հայրենիքում Հայաստանի միջազգային բժշկական համագումար և սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրես ձևաչափերով:
Տոնական միջոցառումը մեկտեղեց երկու առիթ, համագումարի շրջանակում նշվեց նաև Հայաստանի բուժաշխատողի օրը: Հնչեց Հայաստանի Հանրապետության օրներգը:
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): Դասական երաժշտության ներքո ցուցադրվեց առողջապահական համակարգի պատմությանը, բժշկագիտության զարգացմանը, անվանի հայ բժիշկներին, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի շրջանակում պատրաստված բժշկական գերդաստանների մասին պատմող տեսաֆիլմեր: Համերգային ծրագրի վերջում Նունե Եսայանի կատարմամբ առաջին անգամ հնչեց Ռիտա Սարգսյանի հեղինակած «Խոսք սերնդին» ստեղծագործությունը:
Նախասրահում այցելուները ծանոթացան մոսկվայաբնակ լուսանկարիչ Աննա Մանասարյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսին, որը նորածինների 100 լուսանկարում ամփոփում է ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում հեղինակի շրջագայությունը: ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացված նախագիծը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսից հետո լուսանկարները կզարդարեն հանրապետության 27 ծննդատները:
Նմանատիպ նյութեր
946 դիտում
20:19 04-04-2023
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա հուլիսի 6-8-ը
1051 դիտում
14:52 26-04-2021
«Միասին կարող ենք». 2023-ին տեղի կունենա Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը
1209 դիտում
14:46 22-05-2014
Երևանում այսօր մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը
Այս բաժնից
592 դիտում
15:22 29-11-2024
Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի գիծը Հայաստանի համար նոր խնդիրների է հանգեցրել. ՌԴ ԱԳՆ
739 դիտում
14:41 29-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի