211652_close_icon
views-count931 դիտում article-date 11:57 02-07-2015

Հունաստանին դեֆոլթից բաժանում է ընդամենը 2 աստիճան. Moody՛s

Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է Հունաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը մինչև Caa3, ինչը նշանակում է, որ կոմերցիոն դեֆլոտից երկիրը հեռու է ընդամենը 2 աստիճանով: Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Caa2-ից մինչև Caa3 բացասական կանխատեսմամբ առանց արտասահմանյան վարկատուների և անհրաժեշտ տնտեսական բարեփոխումների Հունաստանը չի կարողանալու խուսափել դեֆոլտից: Փորձագետների կարծիքով՝ իրավիճակը կհասնի վատթարագույնին, եթե հույները դեմ հանդես գան միջազգային վարկատուների առաջարկած պլանին, իսկ եթե համաձայնության գան, ամեն դեպքում անհրաժեշտ կլինի խորը վերափոխումներ իրականացնել: Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ընդունեց վարկատուների պայմանները, որոնցից իշխանություններն ավելի վաղ հրաժարվել էին: Այդ մասին հայտնել էին հունական լրատվամիջոցների և Financial Times-ի աղբյուրները: Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Ցիպրասի նամակը` ուղղված Եվրահանձնաժողովին, Արժույթի միջազգային հիմնադրամին ու Եվրոպական կենտրոնական բանկին: Դրանում մասնավորապես ասված է, որ Աթենքը կընդունի ավելացված արժեքի հարկին վերաբերող բոլոր բարեփոխումները` մեկ բացառությամբ: Հունաստանը մտադիր է պահպանել 30 տոկոսանոց զեղչը հունական կղզիների համար, որոնցից մի քանիսը մատակարարման տեսանկյունից գտնվում են հեռավոր և դժվարամատչելի շրջաններում: Բացի դրանից, Financial Times-ի տվյալներով, Աթենքը խնդրում է, որպեսզի մինչև 2022թ-ի հոկտեմբեր կենսաթոշակային տարիքը չփոխվի:

Նմանատիպ նյութեր