211652_close_icon
views-count939 դիտում article-date 22:25 29-06-2015

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը

Հունիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ալեն դե Ռոյը։ Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բելառուս գործընկերոջը՝ այս ոչ պաշտոնական նախարարական երկխոսությունը հյուրընկալելու համար: Սա լավ հնարավորություն է՝ Եվրոպական միության հետ քննարկելու մեր երկկողմ օրակարգը, ինչպես նաև՝ Ռիգայի գագաթաժողովից հետո անդրադառնալու Արևելյան գործընկերության հեռանկարներին: Քանի որ Ռիգայից հետո սա մեր առաջին հանդիպումն է, ցանկանում եմ նշել, որ մեր կարծիքով Գագաթաժողովը հաջողություն ունեցավ և մեկ քայլ առաջ կատարեց՝ գործնական համագործակցության ուղղությունները նախանշելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը և արդյունավետ կառավարումը, շարժունակությունը, շուկայական հնարավորությունները և փոխկապակցվածությունը: Հայաստանը Եվրոպական միության հետ ունի համապարփակ գործընկերություն, և մենք կարևորում ենք քաղաքական երկխոսության ակտիվացումը և առևտրի ու տնտեսական համագործակցության խորացումը: Ներկայումս մենք Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատում ենք մի շարք բնագավառներում արդյունավետ ոլորտային համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ կրթություն, գիտություն, հետազոտություն և նորարարություն, ինչպես նաև՝ մարդկային շփումների խթանում և առևտրի դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Մենք ակնկալում ենք համաձայնագրեր ստորագրել ԵՄ այնպիսի նախաձեռնություններին մասնակցելու համար, ինչպիսիք են՝ «Հորիզոն 2020»-ը, ինչպես նաև՝ «Ձեռնարկությունների և Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Հարգելի՛ գործընկերներ, Մեր ապագա պայմանագրային հարաբերությունները սահմանելու նպատակով՝ մեր ԵՄ գործընկերների հետ մենք աշխատել ենք մեր նախկին բանակցությունների բովանդակությունը արտացոլող նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին ՀՀ և ԵՄ բանակցային թիմերն ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները շուտով կհաստատեն մանդատը, որպեզի մենք կարողանանք սահուն կերպով սկսել բանակցությունները: ԵՄ - Հայաստան ինստիտուցիոնալ ձևաչափերի կանոնավոր հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակներում և տասից ավելի աշխատանքային խմբերում։ Մենք այն դիտարկում ենք լավագույն փորձը կիսելու և լայն համագործակցությանը նպաստելու կարևոր ու օգտակար հարթակ և ողջունում բոլոր նախաձեռնությունները, որոնք ամրապնդում են ընդգրկուն համագործակցությունն ու ուղղված են բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավվածության շնորհիվ տարբեր մասնակիցների միջև իրական գործընկերություն կառուցելուն: Մուտքի արտոնագրերի ազատականացումը ընդհանուր նպատակ է և պետք է ըստ պատշաճի ընդգծված լինի նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ: Մենք ամուր հիմք ունենք մեր համագործակցության հաջորդ փուլի՝ շարժունակության և մարդկային շփումների խթանման մեկնարկը տալու համար: «Շարժունակության գործընկերությունը» 2011թ.-ից ընթացքի մեջ է, և դրա հովանու ներքո մի շարք ծրագրեր են իրականացվել։ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից` Հայաստանի քաղաքացիների համար ապահովելով մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված և հետընդունման կանոնակարգված գործընթացներ: 2013թ. հունվարից սկսած՝ Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Այս ապրիլին Բրյուսելում հաջողությամբ անցկացվեցին Հայաստան - ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները:

Նմանատիպ նյութեր