Ամերիկայի Գավաթ. Պարագվայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Բրազիլիայի նկատմամբ
2015թ. Ամերիկայի Գավաթի խաղարկությունում կայացավ առայժմ ամենախոշոր անակնկալը. Պարագվայի հավաքականը քառորդ եզրափակիչում հաղթահարեց աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի արգելքը և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Արգենտինան:
Հանդիպումն անցավ բավական լարված ու դրամատիկ կերպով. 15-րդ րոպեին հաշիվը բացեցին բրազիլացիները` աչքի ընկավ Ռոբինյոն:
Սակայն պարագվայցիները այս մրցաշարում արդեն երրորդ անգամ խաղի ընթացքում պարտվելով` կարողանում են փրկել խաղը: 72-րդ րոպեին պարագվայցիները Տիագո Սիլվայի խախտման համար 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որը հստակ իրացրեց Դերլիս Գոնսալեսը` 1:1:
Հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին և հանդիպման հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին պարագվայացիները` 4:3:
Նշենք, որ կիսաեզրափակիչ Արգենտինա-Պարագվայ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
Բրազիլա-Պարագվայ
1:1, 3:4` 11 մետր.