Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարին
Հունիսի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթիի հետ:
Ողջունելով և շնորհավորելով դեսպան Թումանյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Ջաննաթին բարձր գնահատեց հայ-իրանական պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերությունները և հայկական համայնքի դերն Իրանում: Ալի Ջաննաթին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:
Դեսպան Թումանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Իրանի տարածքում հայկական հոգևոր-պատմական մշակութային ժառանգության հանդեպ իշխանությունների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Նա հավելեց, որ հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Իրանի հետ համագործակցության հետագա զարգացման ներուժ է տեսնում: Դեսպանն ընդգծեց, որ մշակութային կապերի զարգացումը դրական ազդեցություն է թողնում հայ-իրանական հարաբերությունների բոլոր ոլորտների վրա: Այս առումով օրինակելի է, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, զարգացրել է սերտ մշակութային հարաբերություններ Իրանի հետ: