1415 դիտում
22:27 10-07-2015
ՀՀ մշակույթի նախարարը հանդիպել է Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիի հետ
Այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիի հետ:
Հասմիկ Պողոսյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակում խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ իրանական կողմի մասնակցությունը կարևոր և զգալի ներդրում կլինի խորհրդաժողովի աշխատանքներին:
Ալի Ջանաթին իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ կարևորում է հայ-իրանական մշակութային հարաբերությունների զարգացումը: Նախարարն առաջարկել է իրականացնել համատեղ երաժշտական ծրագիր, կինոոլորտում համատեղ նախագիծ, թատերական, կրթական, գրական-թարգմանական ծրագրեր: Նա նաև ցանկություն է հայտնել Մատենադարանում պահպանվող իրանական ձեռագրերը հնարավորության դեպքում պատճենի տեսքով հանձնել Իրանի Ազգային գրադարանին:
Նախարար Ջանաթին երախտագիտություն է հայտնել իրանական մշակույթի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, ինչպես նաև Կապույտ մզկիթը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներկայացնելու գործընթացը սկսելու համար:
«Մենք բազմաթիվ ընդհանրություններ ունենք. հայերը խաղաղ գոյակցում են մահմեդական բնակչության կողքին: Այս առումով ճիշտ ժամանակ է ընտրված կոնֆերանսի անցկացման համար, երբ աշխարհը պետք է ուշադրություն դարձնի մշակութային բազմազանությանը: Մերձավոր Արևելքում և հարևան երկրներում ոչնչացվում է բաբելոնյան հազարամյա ժառանգությունը, մշակութային արժեքները թիրախ են դարձել և այդ առումով խաղաղության վերաբերյալ իմ ելույթը կոնֆերանսին կարող է օգտակար լինել»,- նշել է Ալի Ջանաթին:
Հանդիպման ընթացքում Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև մշակութային հարաբերություններն ունեն դինամիկ զարգացման միտում, ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, գրականություն և մշակութային ժառանգություն (հուշարձանների պահպանություն և վերականգնում, թանգարաններ) և վերջին տարիներին ստացել են նոր որակական դրսևորում, որի համար կարևոր հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիրը:
1
«Մենք ուրախ կլինեինք, եթե այլ երկրներում գտնվող հայկական մշակութային կոթողներն այնքան սրտացավ վերաբերմունքի արժանանային, որքան Իրանում։ Սա պետական մոտեցման արդյունք է։ Անցյալ տարի Ձեր երկիր այցելեցինք ու սեփական աչքերով տեսանք, թե ինչպիսի հոգատարությամբ եք պահպանում հայկական հուշարձանները։ Հանդիպեցինք Սպահանի հայկական համայնքի հետ, որը շնչում և ապրում է ազգային մշակույթով։ Նշանակում է՝ հայերն Իրանում բավականին լավ են զգում և ինքնադրսևորման, հայկական մշակույթը զարգացնելու հնարավորություն ունեն»,- նշել է Հասմիկ Պողոսյանը։
2014 թ. հոկտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ մշակույթի նախարարի խոսքով, կյանքի են կոչվում: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ա. Ջանաթիին տասը անուն գրքի հրատարակմանն աջակցելու և 2015 թ. մայիսի 6-16-ը Թեհրանի գրքի միջազգային 28-րդ ցուցահանդեսին հայկական կողմին աջակցություն ցուցաբերելու համար:
«Սեպտեմբերին Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կվերաբացվի մեր ժամանակների լավագույն արվեստագետներից մեկի՝ ծագումով կարսեցի, բնակության վայրով՝ իրանցի, Հռոմի բարձր արվեստների դպրոցի հետևորդ Մարկոս Գրիգորյանի ցուցահանդեսը։ Մշակութային այդ նախաձեռնությանը ներկա կլինեն նաև իրանցի հյուրեր»,- տեղեկացրել է Հասմիկ Պողոսյանը։
ՀՀ մշակույթի նախարարն ընդգծել է Հայաստանի և Իրանի համագործակցության կարևորությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում և հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն իրենց կառուցողական համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1729 դիտում
16:47 11-07-2015
Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին
1046 դիտում
21:15 27-06-2015
Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարին
Այս բաժնից
631 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
931 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
553 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան