18190 դիտում
17:57 26-06-2015
Հեռուստաօպերատորը Երևանում դաժան ծեծի է ենթարկել «խաղաղության հաշտարար» մականվամբ ճանապարհային ոստիկանին
Ոստիկանության Արաբկիր բաժնում նախաքննություն է սկսվել` հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Ժամը 03:50-ի սահմաններում Նաիրիի բժշկական կենտրոնից Արաբկիրի ոստիկանություն հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Վրեժ Ջուլհակյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնասվածք է ստացել` ձախ հոնքային շրջանի պատռվածք-վերք, կզակի շրջանի պատռվածք ախտորոշմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դաժան ծեծի ենթարկված Վ. Ջուլհակյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում` որպես տեսուչ, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է:
Ըստ տեղեկությունների` այդ օրը ժամը 02:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի դիմաց տեղի է ունեցել ավտովթար, որի ժամանակ էլ դեպքի վայր ժամանած Վ. Ջուլհակյանին ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 20 շենքի բնակիչ 25-ամյա Վարազդատ Սահակյանը, ով, ըստ տեղեկությունների` հեռուստատեսության օպերատոր է: Նույն օրը նրան հայտնաբերել և տեղափոխել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է 0,74 տոկոս խմած, այսինքն` «կոկոնը տաքացրած»: Նրան ստորագրությամբ ազատ են արձակել:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ծեծի ենթարկված ՃՈ աշխատակիցը ավելի շատ հայտնի է «խաղաղության հաշտարար» մականվամբ, քանի որ բազմաթիվ վթարների պահով ժամանելով դեպքի վայր` կարողացել է հանդարտեցնել լարված վարորդների նյարդերը, իսկ շատ դեպքերում էլ մասնագիտական օգնություն է ցուցաբերել իրավական տեսանկյունից «կաղող» վարորդներին: