Ներդրվում է բյուջետավարման նոր մեթոդոլոգիա
Հունիսի 24-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ «Արդյունքահեն բյուջետավարման մեթոդոլոգիայի ներդրումը տեղական մակարդակում» թեմայով, որին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ:
Հանդիպումը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ:
Արդյունքահեն բյուջետավարման գաղափարը համայնքի ծրագրերի և միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների փոխկապակցվածությունն է, ինչը բարձրացնում է համայնքների բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը և ընդլայնում բնակչության մասնակցությունն այդ աշխատանքներին: Ներկայումս այն որպես փորձնական ծրագիր ներդրված է ավելի քան 10 համայնքում:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շաֆերը մաղթեց արդյունավետ աշխատանք, որը հետագայում կօգնի համայնքների ղեկավարներին բարձրացնել համայնքների բյուջետավարման արդյունավետությունը: Նա նշեց, որ հանդիպմանը մասնակցում է նաև միջազգային փորձագետ Հայմո Լուդվիգը, ով խորհրդատվություն է տրամադրել արդյունքահեն բյուջետավարման մեթոդոլոգիայի մշակման աշխատանքներին:
Հայաստանի ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանը պատմեց այս մեթոդով բյուջետավարման փորձի, դրա առավելությունների մասին: Նրա խոսքով` 2018 թվականից ՏԻՄ համակարգում անցում կկատարվի ծրագրային բյուջետավարման, իսկ այս ծրագիրը կօգնի համայնքներին՝ պատրաստ լինել այդ փոփոխություններին:
Հանդիպմանը ներկայացվեց ՏԻՄ համակարգում արդյունքահեն բյուջետավարման մոդելը, քննարկվեց պիլոտային համայնքների փորձը, ինչպես նաև հնարավորություն տրվեց ՏԻՄ ներկայացուցիչներին հանդես գալ առաջարկություններով: