Բաքու-2015. Պայքարի են դուրս գալիս մեր ձյուդոիստները
Բաքվում ընթացքող Եվրոպական Ամառային խաղերի ձյուդոյի մրցաշարը կմեկնարկի հունիսի 25-ին:
Հայաստանի մարզիկներից առաջինը տատամի դուրս կգա 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Հովհաննեսն այս տարի լավ արդյունք է ցույց տալիս և դրա շնորհիվ էլ իր քաշում ունի 5-րդ վարկանիշը:
Գյումրեցի ձյուդոիստը պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի սլովակ Տրբովիչ - թուրք Կաբա զույգի հաղթողը:
Այնուհետև տատամի դուրս կգա նաև Ժաննա Ստանկովիչը: Մեր ձյուդոիստը առաջին գոտեմարտում ուժերը կչափի բրիտանացի Էդվարդսի հետ:
Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը Դավիթ Նիկողոսյանն է: Մեր երիտասարդ ձյուդոիստը տատամի դուրս կգա հունիսի 26-ին: Նա պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից: Նրա առաջին մրցակիցը իսրայելցի Մուկին է:
Նշենք, որ Բաքու 2015-ի ձյուդոյի մրցաշարը համարվում է նաև այս տարվա Եվրոպայի պաշտոնական առաջնությունը: Դա նշանակում է, որ մարզիկները միանգամից կխաղարկեն 2 տիտղոս և հետևաբար կպարգևատրվեն 2 մեդալով: Ձյուդոյի մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է: