211652_close_icon
views-count894 դիտում article-date 22:27 23-06-2015

Հայկական օրեր Գեռլայում

Հունիսի 19-21-ը պատմական Արմենոպոլիս քաղաքում` Գեռլայում, անցկացվեցին քաղաքի օրերը, որը համընկնում է Հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին և ուղեկցվում հայկական ավանդական տոնակատարություններով: Հայկական ավանդական հոգևոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն հանդես էր եկել դեռևս 2012թ. Իջևանի հետ եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո: Միջոցառմանը մասնակցեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը: Ընդգծելով, որ 2015թ. խորհրդանշական տարի է ողջ հայ ժողովրդի համար, դեսպան Գասպարյանը կրկին երախտագիտություն հայտնեց Ռումինիային և ռումին եղբայր ժողովրդին, որը 1920-ական թվականներին իր դռները բացեց և ընդունեց տասնյակ հազարավոր հայ գաղթականների և որբերի: ՛՛Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին Ռումինիայի նախագահ Ն.Գ. պարոն Կլաուս Վերներ Յոհաննիսը համերաշխության ուղերձ հղեց հայերին, որի առթիվ Ռումինիայի նախագահին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը: Երախտագիտություն եմ հայտնում նաև Կլուժի նահանգի և Գեռլայի ղեկավարությանը, գիտական-համալսարանական և մշակութային հաստատություններին ու անհատներին, որոնք պատշաճ մակարդակով նշեցին այդ ողբերգական տարեթիվը՛՛, նշվում է դեսպան Գասպարյանի խոսքում: Գեռլայի օրեր տոնակատարությունների բազմազան ծրագրի հիմնական միջոցառումները կենտրոնացած էին հայկական իրադարձությունների շուրջ: Հուլիսի 20-ին հայ կաթողիկե Սուրբ Երրորդության տաճարում մատուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագ, որտեղ ներկա էր նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Քաղաքային կինոթատրոնում ցուցադրվեցին Ռումինիայի և Կլուժի հանրային հեռուստատեսությունների պատրաստած հաղորդումների շարքը և հայաստանյան ռեպորտաժները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (հեղինակներ Կարեն և Կատալին Սավա): Ռումինիայի Հայոց Միության Տրանսիլվանիայի մասնաճյուղի սրահներում բացվեցին Տրանսիլվանիայի հայկական ժառանգության մասին պատմող տպագիր նյութերի, լուսանկարների և առարկաների ցուցադրություններ, այդ թվում` Բուդապեշտի 20-րդ սեկտորի քաղաքապետարանի կազմակերպած ցուցադրությունը, տեղի ունեցավ Կրիստոֆ Սոնգոտի ՛՛Գեռլա-Արմենոպոլիս քաղաքի մենագրությունը՛՛ գրքի հերթական հատորի շնորհանդեսը ։ Հայկական միջոցառումները եզրափակվեցին Սուրբ Երրորդության տաճարում Flauto Dolce անսամբլի կողմից հայ երաժշտական գանձարանից ընտրանի կատարումներով:

Նմանատիպ նյութեր