1490 դիտում
19:13 18-06-2015
Նախարարը Արմավիրի մարզում հետևել է բերքահավաքի աշխատանքներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ Եղեգնուտ, Վարդանաշեն, Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի աշխատանքներին:
Այցի ընթացքում նախարարը հավաստիացել է` բոլոր նշված համայնքներում բերքահավաքի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, գյուղացիները գոհ են, տարին բերքառատ է, խնդիրներ այստեղ գրեթե չեն եղել:
Եղեգնուտցի ֆերմեր Սերյոժա Կարապետյանը, ով այս տարի իր տնտեսությունում 15 հեկտար տարածքի վրա սմբուկի և ևս 2 հեկտարի վրա ձմերուկի մշակություն է իրականացրել, արդեն սմբուկի առաջին բերքը հավաքել է. ծավալներից ու որակից գոհ է, եղանակային պայմանները բարենպաստ են, ոռոգումը կազմակերպվել է պատշաճ մակարդակով: Ֆերմերը հատկապես ձմերուկի բարձր բերք է ակնկալում, որի բերքահավաքը կսկսվի արդեն մի քանի օրից:
Վարդանաշեն համայնքում նախարարը եղել է տեղի ջերմոցային տնտեսություններից մեկում, որտեղ այս տարի շուրջ 1000 քմ տարածքի վրա բանջարեղեն է աճեցվել` լոլիկ, վարունգ և պղպեղ: Արտադրանքը հիմնականում իրացվում է տեղական շուկայում:
Մարզի Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում էլ կեռասի և ծիրանի բերքահավաքի եռուզեռ էր: Այստեղ նույնպես բերքը գյուղացիներին գոհացնում է. պտղի ապրանքային տեսքը լավն է, ինչը թույլ է տալիս մեծածավալ արտահանումներ իրականացնել:
«Արմավիրի մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի և հատկապես խաղողի բարձր բերք սպասվում, գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվել են ինչպես հարկն է, տարին բարենպաստ է, և 2015 թվականի վերջում մենք բոլոր առումներով շատ լավ ցուցանիշներ ենք ակնկալում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Նախարարի խոսքով` այս տարի ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ բարձր բերքատվություն է սպասվում, իրացման առումով խնդիրներ չկան, արդեն իսկ արտահանվել է շուրջ 600 տոննա ծիրան` 2014 թվականի ամբողջ տարվա 40 տոննայի դիմաց, շուրջ 800 տոննա կեռաս` 2014 թվականի 370 տոննայի դիմաց, 850 տոննա լոլիկ`անցած տարվա 220 տոննայի դիմաց և 2220 տոննա վարունգ`անցած տարվա 415 տոննայի դիմաց:
Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարվա վերջ արտահանումների ծավալները կտրուկ ավելանալու են, այս տարի ընդհանուր առմամբ արդեն իսկ արտահանվել է շուրջ 24 600 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը անցյալ տարվա համեմատությամբ շուրջ 1000 տոննայով ավել է:
Նախարարի հավաստմամբ` մթերումների հետ կապված խնդիրներ նույնպես չեն լինի, մասսայական բերքահավաքից հետո վերամշակող ընկերությունները կսկսեն նաև մթերումների կազմակերպումը:
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
09:11 02-08-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հետևել է Սյունիքի մարզի ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներին
4635 դիտում
19:08 05-09-2017
Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղում հետևել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7334 դիտում
18:45 31-08-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին
Այս բաժնից
1570 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ