Թբիլիսիի տարերային աղետի գոտուց տարհանում է հայտարարվել
Թբիլիսիի տարերային աղետի գոտուց եղանակային վատ պայմանների պատճառով տարհանում է հայտարարվել: Վերե կիրճից տարհանվում են տեխնիկան և աշխատող բրիգադը: «Ռուստավի» հեռուստաալիքի տվյալներով, քաղաքի իշխանությունները խորհուրդ են տվել քաղաքացիներին լքելու այդ տարածքը, քանի որ կրկին հորդառատ անձրևներ են սպասվում: Իսկ առավոտյան Թբիլիսի կենտրոնում սողանք է տեղի ունեցել. վնասվել են շենքի պատն ու տանիքը:
Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի գազանանոցից փախած բոլոր կենդանիններին բռնել են. նրանք այժմ կրկին գազանանոցում են: Նրա խոսքով, առաջիկայում ծրագրվում է տեղափոխել գազանանոցը և դրա փոխարեն հիմնել համերաշխության այգի: Վարչապետը նաև հրահանգել է աշխատանքային խումբ ստեղծել` ջրհեղեղի պատճառը պարզելու համար: Այս տարի հունիսի 13-14-ը ավելի քիչ տեղումներ են գրանցվել, քան նախորդ տարի այդ ժամանակահատվածում, ուստի պետք է պարզել, թե ինչն է հանգեցրել նման աղետի: Ի դեպ, Ղարիբաշվիլին չի բացառել, որ աղետի պատճառն այն է, որ վարարած Վերե գետը թունելապատված է եղել:
Հիշեցնենք, որ ավերիչ ջրհեղեղը տեղի էր ունեցել հունիսի 14-ի գիշերը, ինչի հետևանքով զոհվել է 18, անհետ կորել` 5 մարդ: Կա 266 տուժած: Ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգու կենդանիների կեսը սատկել էր: Երկրի իշխանությունների խոսքով, ջրհեղեղի նյութական վնասը կարող է հասնել մինչև 45 մլն դոլարի: