Մահացել է ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն. ֆոտոշարք, տեսանյութ
Մոսկվայում ծանր և երկարատև հիվանդությունից հետո 41 տարեկան հասակում վախճանվել է ռուսաստանցի ճանաչված երգչուհի և հեռուստահաղորդավար Ժաննա Ֆրիսկեն: Այս մասին հայտնել է նրա հայրը:
Երգչուհին իր կարիերան սկսել է 1996թ.՝ «Блестящие» խմբում, որի չորս սկավառակները մեծ հեղինակություն բերեցին խմբին և Ժաննային:
Մինչև 2005 թվականը, երբ Ֆրիսկեն առաջին անգամ թողարկեց իր ինքնուրույն ալբոմը, նա մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի, վարել մի շարք հաղորդաշարեր, որոնք Ֆրիսկեին ավելի լայն ժողովրդականություն բերեցին:
Ֆրիսկեն նաև նկարահանվել է մի շարք կինոնկարներում, մասնավորապես՝ Սերգեյ Լուկյանենկոյի «Ночной дозор» ֆիլմում:
Ժաննա Ֆրիսկեի մոտ հիվանդության առաջին նշաններրը ի հայտ եկան 2013 թվականին: Նրա մոտ ախտորոշվեց գլխուղեղի ուռուցք՝ գլիոբլաստոմա: Բուժման նպատակով երգչուհին մեկնեց Գերմանիան, իսկ 2014թ. հունվարին՝ ԱՄՆ: Բուժման ծախսերը հոգալու համար կազմակերպվեց դրամահավաք, որի արդյունքում հավաքվեց մոտ 2 մլն դոլար:
Սակայն վիրահատությունը ԱՄՆ-ում միայն կարճ ժամանակով բարելավեց Ժաննա Ֆրիսկեի վիճակը: 2015 թվականի փետրվարից նրա առողջական վիճակը գնալով վատթարացավ և հունիսի 15-ին՝ կեսգիշերի մոտ սիրված երգչուհին կնքեց իր մահկանացուն: