Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը համաշխարհային տնտեսության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով. Մարտին Շուլց
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն այն կարծիքն է հայտնել, թե եվրագոտուց Հունաստանի դուրս գալը համաշխարհային տնտեսության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Ինչպես տեղեկացնում է «pronedra.ru»-ն, անդրադառնալով Աթենքի հնարավոր դուրս գալուն, Շուլցը նշել է, որ Գերմանիայի համար դեպքերի նման ընթացքը անմիջաբար վտանգ չի ներկայացնում։ Սակայն G7-ում Գերմանիայի գործընկերների համար, ինչպիսիք են Իտալիան և Ֆրանսիան, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ:
Շուլցը բացատրել է, որ շաբաթ և կիրակի օրերին Բրյուսելում տեխնիկական մակարդակով անցկացված բանակցությունները ոչ թե դադարեցվել են, այլ կասեցվել:
Եվրախորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ այս շաբաթվա ընթացքում բանակցային կողմերին կհաջողվի հաղթահարել բոլոր տարաձայնությունները։