211652_close_icon
views-count1718 դիտում article-date 09:49 14-06-2015

Թումանյանի անվան այգում անցկացվեց «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան այգում անցկացվել է «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով։ Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հետ համատեղ: Փառատոնի անմիջական մասնակից դարձած երևանցիները, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու և ծանոթանալու հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանուն, դրանով իսկ նաև հայկական հնագույն մշակութային և խոհանոցային ժառանգությանը: Փառատոնի մեկնարկին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Մեսրոպ ավագ քահանա Մալյանը փոխանցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Առանձին տաղավարներում ներկայացվել են հայկական ազգային ու եկեղեցական 13 տոների ավանդական ուտեստներ, իսկ ազգային տարրերով հագուստներով կամավորները մանրամասն ծանոթացրել են յուրաքանչյուր տոնի ավանդույթներին, խորհրդանիշերին, ինչպես նաև պատրաստված ուտեստների խորհրդին։ Միջոցառմանը ներկայացված են եղել նաև արհեստագործական տաղավարներ, այդ թվում գորգագործության, կավագործության: Հատկանշանական է, որ տոնախմբության մասնակիցները հնարավորություն են ունեցել անձամբ գորգ հյուսելու և աշխատելու կավով: Փառատոնին ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շրջել է տաղավարներում և կարևորել մասնակից կազմակերպությունների ազգային խոհանոցի ավանդույթների պահպանման և վերհանման գործում ունեցած ավանդն ու ներդրումը, որի օրինակը նաև փառատոնին ունեցած ակտիվ մասնակցությունն է: Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ժամանակ հնչել են ազգագրական երգեր, կատարվել ժողովրդական պարեր: Ոգեշնչված տիրող ազգային ոգով ներկաները այգու տարբեր հատվածներում շուրջպար են բռնել: Փառատոնի մասնակից երևանցիներն ու քաղաքի հյուրերը, հայտնելով տպավորությունները, ընդգծել են, որ հայոց տոնածիսական կերակրատեսակները ոչ միայն համեղ են, այլև մրցունակ աշխարհի տարբեր խոհանոցների հետ: Հատկանշվել է նաև, որ նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն ունեն և առաջարկվել այսպիսի տոնախմբությունները դարձել պարբերական: «Երևանյան ամառ» ծրագրի ներքո «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար մասնակից կազմակերպությունները, այդ թվում՝ արհեստագործական քոլեջները, թոնրատները, ռեստորաններն ու հասարակական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի կողմից արժանացել են շնորհակալագրերի:

Նմանատիպ նյութեր