Տարանտինոյի նոր ֆիլմը` «Զազրելի ութնյակը» էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 25-ին
Ամերիկյան անվանի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Զազրելի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմը վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 25-ին: Այդ մասին հայտնել է ֆիլմի թողարկմամբ և դիստրիբյուտերությամբ զբաղվող «Weinstein Company» կինոընկերությունը:
«Տարանտինոյի պնդմամբ ֆիլմը կթողարկվի երկու տարբերակով` դասական 70-մմ ժապավենով և ժամանակակից թվային ֆորմատով», - նշել են «Weinstein Company»-ի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Տարանտինոն գտնում է, որ ժապավենը առավելություն ունի թվային պատճեի նկատմամբ` պատկերման որակի առումով: Ըստ նրա` այն ավելի լայն կադր ունի, ինչպես նաև ավելի մեծ պատկերման խորություն:
Ֆիլմի ժապավենային տարբերակի կայանալիք դեկտեմբերյան թողարկումը կդառնա ԱՄՆ-ում ամենախոշորը վերջին երկու տասնամյակների համար: