211652_close_icon
views-count1021 դիտում article-date 21:27 10-06-2015

Վարչապետն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում, գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նպաստում են միջպետական հարաբերությունների և երկկողմ համագործակցության զարգացմանը: Ճեն Չանջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Չինաստանը կարևորում է մեր երկրի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը և ընդլայնումը: Գոհունակություն հայտնելով համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, հումանիտար, տեխնիկական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերի շուրջ: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում կարևորվել է հայ-չինական միջկառավարական առևտրատնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն ամենամյա անհատույց օգնություն տրամադրելու համար և իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին:

Նմանատիպ նյութեր